Իզգի Էդիպին դատի է տվել «Այ Թի Պարկ» կենտրոնին
Մոտ մեկ տարի առաջ ՀՀ քաղաքացի Իզգի Էդիպին դիմել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերությունը: Գործը քննում է դատավոր Արթուր Սմբատյանը: Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 25-ին: Dalaex.am համակարգում գործի հիմքերի մասին տեղեկատվություն դեռ չկա:
168.am-ի աղբյուրը, որ ցանկացավ չհրապարակել իր անունը քանի դեռ դատական գործն ընթացքի մեջ է, նշեց, որ գիտահետազոտական ինստիտուտը կամ ինչպես այն կոչում են այժմ՝ «Այ Թի Պարկ» կենտրոնը, 4 տարում մի քանի միլիոն դրամի հասնող պարտք է կուտակել Իզգի Էդիպիին: Ընդ որում՝ ընկերությունը պարտքեր ունի նաև այլ կազմակերպությունների և անձանց, այդ թվում՝ պետական բյուջեին:
Կենտրոնի փոխտնօրեն Վարդան Միրզոյանից հետաքրքրվեցինք, թե ինչի՞ համար են պահանջում սնանկ ճանաչել ընկերությունը, սակայն նա խորհուրդ տվեց դիմել ԳՀԻ-ի նախագահ Գագիկ Կարապետյանին:
Նշենք, որ «Այ Թի Պարկ»-ը համարվում է ժամանակակից, արագ զարգացող և հեռանկարային բիզնես կենտրոն` մասնագիտացած տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում: Ներկայումս բիզնես կենտրոնում գործող մոտ հինգ տասնյակ ընկերությունների գերակշիռ մասը ՏՏ ոլորտի ընկերություններ են և, թվում էր, թե կենտրոնը ֆինանսական խնդիրներ առնվազն չպետք է ունենա, եթե, իհարկե, խելամիտ կառավարվի:
«Այ Թի Պարկ»-ը ստեղծվել է նախկին Խորհրդային Միության հաշվողական տեխնիկայի ու ինֆորմատիկայի հայտնի կենտրոններից մեկի` «Ալգորիթմ» գիտահետազոտական արտադրական միավորման բազայի վրա: 2003թ. վերոհիշյալ հաստատությունը վերջնականապես սեփականաշնորհվեց: 2006թ.-ից արդեն կյանքի կոչվեց «Այ Թի Պարկ» նախագիծը: