«Սև բերդի» համար սպասում են կառավարության որոշմանը
asparez.am-ը գրում է. «Գյումրու «Սեւ բերդ» ամրոցում իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք արդեն, կարծես թե, մոտենում են ավարտին: Սակայն, որքան ինձ հայտնի է, պետական մարմնի կողմից դեռեւս համապատասխան փաստաթղթերի եւ նախագծի հաստատում չկա: Գյումրի քաղաքի տարածքում պետական ցուցակում ներառված բազմաթիվ կառույցներում կատարվում է, այսպես կոչված, եվրաոճի պատուհանների տեղադրում, որը համատեղելի չէ հուշարձան-շենքերի պահպանության նորմերին եւ դա մասսայական բնույթ է կրում»,-այսպիսի դիտարկում էր արել Հուշարձանների պահպանության գործակալության Շիրակի ու Արագածոտնի տարածքային բաժնի պետ Լարիսա Եգանյանը՝ օրերս կայացած մարզխորհրդի նիստում:
Պատմական այս հուշակոթողում, որը Բալասանյանների ընտանիքը ձեռք է բերել դեռ 2012-ին, շինարարական աշխատանքներ սկսվել են վաղուց, բայց դրանք անընդհատ դադարեցվում են, որոշ ժամանակ հետո կրկին վերսկսվում: Լ.Եգանյանի վերը նշված դիտարկմանը, մարզխորհրդի նիստում պատասխանել էր՝ Ս.Բալասանյանը՝ նշելով.
«Ես ուզում եմ ասել, որ հիմա շինարարական աշխատանքները «Սեւ բերդում» սառեցված են, եւ կառավարությունում պետք է քննարկվի այս հարցը, ուղղակի իմացեք, երբ վերցրել եմ ամրոցը, կեսից ավելն արդեն փոխված էր»:
Երեկ կայացած ավագանու նիստից հետո, պատասխանելով լրագրողների՝ «Սեւ բերդին» վերաբերող, հարցերին, Ս.Բալասանյանը նշեց, թե այսօր մի քիչ շատ է շահարկվում «Սեւ բերդի» հարցը, բայց խնդիրն այն է, որ քաղաքը պետք է ունենա համալիր, որտեղ կարողանա տեղավորել 1.500 մարդու՝ միջոցառումների ժամանակ:
-Կառավարության որոշումից հետո նախագիծը վերջնական կլինի եւ նորից կշարունակենք շինարարական աշխատանքները: Այս պահին այնտեղ իրականացվում են բարեկարգման աշխատանքներ,-նշեց Ս.Բալասանյանը:
Նրա վստահեցմամբ՝ իրենք իմացել են, որ «Սեւ բերդի» նախորդ սեփականատերը բոլոր փաստաթղթերն ունեցել է եւ դրանք պահպանվել են մշակույթի նախարարությունում, բայց այսօր արխիվից դրանք գտնել իրենց չի հաջողվում. «Նախագիծը իմը չէ, դա արդեն կար, մակետն ինձ մոտ դրված է: Ոնց որ թե մշակույթի նախարարությունից գտնել չենք կարողանում, դրա համար այսպես ձգձգվեց»:
Մանրամասներն՝ այստեղ