«Վթարի ժամանակ գազի բալոնը առաջ է եկել և երեխաները մնացել են նստարանների և այդ գազի բալոնի արանքում» (տեսանյութ)
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում մեղադրող Ա. Սարգսյանն ասաց, որ քրեական գործում կան նյութեր, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան մշտապես գտնվել է սարքին վիճակում և ուշադրության կենտրոնում: Նա հրապարակեց նաև քրեական գործի որոշ նյութեր, որոնք, ըստ նրա, վկայում են այդ մասին:
Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն էլ ասաց, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի համար անթույլատրելի է եղել գազի բալոնի տեղադրումը: «Տվյալ կազմակերպությունը ներկայացրել է այս փաստաթղթերը, որ ցույց տա, որ վարկած կար, որ իրենք տեղյակ չէին, որ գազի բալոնը տեղադրված է, որովհետև, ըստ ընթացակարգերի, իրենք վառելանյութ են ստացել՝ բենզինի տեսքով: Ինչո՞ւ են տեղադրել բալոնը: Այս հարցն էր բարձրացվել»,- ասաց Ն. Բաղդասարյանը՝ նշելով, որ գազի բալոնը երկու երիտասարդ տուժողների մահվան պատճառ է հանդիսացել:
«Եթե գազի բալոնը տեղադրված չլիներ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, տուժողներն այս վթարի արդյունքում չէին մահանա»,- ասաց նա:
«Վթարի ժամանակ գազի բալոնը առաջ է եկել և այդ երեխաները մնացել են նստարանների և այդ գազի բալոնի արանքում: Նորից եմ ասում՝ եթե գազի բալոնը տեղադրված չլիներ այդ ավտոմեքենայի վրա, մահ վրա չէր հասնի, որովհետև հարվածից հետո այդ ավտոմեքենան կշպրտվեր առաջ, և սեղմելու արդյունքում չէին մահանա: Դատաբժշկական փորձագետի եզրակացության մեջ հաստատված է, որ երեխաների մահը վրա է հասել սեղմելու ժամանակ՝ իրենց ողնաշարի կոտրվելու արդյունքում»,- հավելեց փաստաբանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: