Թուրքիան իրազեկված է եղել Մոսուլում իր հյուպատոսության շենքի վրա հարձակում պլանավորելու մասին. Արընչ
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը խոստովանել է, որ Թուրքիան իրազեկված է եղել Մոսուլում իր հյուպատոսության շենքի վրա հարձակման պլանավորման մասին:
Արընչի խոսքերով՝ Անկարան, հաշվի առնելով իրական իրադրությունը, հյուպատոսության աշխատակիցներին կարգադրել է չդիմադրել. «Միայն թուրքական ֆիլմերում է, որ 40 հերոսը ոչնչացնում է 1000 զինյալի, կյանքում դա անհնար է»:
Արընչն ընդգծել է, որ ներկայումս որևէ վտանգ չի սպառնում Իրաքում Թուրքիայի 125.000 քաղաքացիների կյանքին. «Լուրջ վտանգի առկայության դեպքում Թուրքիան կարող է իր քաղաքացիներին տարհանել Իրաքից: Անկարան ուշադիր հետևում է Իրաքի զարգացումներին»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրք ընդդիմադիր պատգամավոր, հայտնի հայատյաց Սինան Օղանը հայտարարել էր, թե Էրդողանն ինքն է Մոսուլում Թուրքիայի հյուպատոսության աշխատակիցներին հանձնել զինյալների ձեռքը: