Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ…
Վերջերս մի տղամարդ դիմեց ինձ շատ տարօրինակ գանգատով.
– Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Իսկապես ինձ համար էլ զարմանալի ու անծանոթ մի վիճակ էր վերոնշյալ գանգատը: Նախ` պարզեցի, որ հիվանդի հոգեկան վիճակը կայուն է: Այնուհետև տեղեկացա, որ հիվանդի սեռական հարաբերության ժամանակ փռշտալու սովորությունն ունի մոտ 10 տարվա վաղեմություն, անմիջական կամ հավանական պատճառ չի նշում, հանդիպում է մշտապես և բոլոր զուգընկերների հետ հարաբերության ժամանակ, և այլն: Մեկ խոսքով, այն դարձել է իր սեռական կյանքի անբաժան մի մասը:
Վերլուծելով այս երևույթը, տեղեկացա, որ սեռական հարաբերության ժամանակ փռշտոցը կարող է առաջանալ տղամարդկանց և կանանց` սեռական ցանկության, գրգռման, հարաբերության և օրգազմի ժամանակ: Այն կախված չէ քթի արտաքին գրգիռների կամ ալերգենների հետ և կարող է առաջանալ սեռական հարաբերության որևէ փուլում:
Այս երևույթի պատճառը հիմնականում կապված է վեգետատիվ նյարդային համակարգի հետ, և հավանաբար առաջանում է տարբեր գրգիռների փոխանցման ժամանակ` նրանց խաչվելու հետևանքով: Այլ պատճառ կարող է դիտվել այն, որ էրեկտիլ հյուսվածքի առկայությունը քթում կարող է բերել դրանց գրգռմանն ու փռշտոցի առաջացմանը:
Այսպիսով, այս երևույթի բացատրությունը վերջնականապես պարզ չէ, հետևաբար` բուժումը կամ կանխարգելումը` նույնպես: Մնում է միայն մեկ լուծում` փռշտալ, փռշտալ, մինչև վերջգ:
ՌԱՖՖԻ Հ. ՋԱՆԵՑՅԱՆ
ուռոլոգ