Բաժիններ՝

Միքայել Մելքումյանը Արդյունաբերական քաղաքականության մասին օրինագիծ է ներկայացրել

ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը մշակել է Արդյունաբերական քաղաքականության մասին օրինագիծ, որն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց պատգամավորների ուշադրությանը: Ըստ նրա՝ նորովի խնդիր է դրված արդյունաբերական քաղաքականությունն իրականացնելու և ավելի ինտենսիվ աճ ապահովելու համար: Մելքումյանը նշեց, որ նախագիծը բավարարում է կառավարության հայեցակարգին, բայց ավելի արմատական բարեփոխումներ է առաջարկում:

«Մենք գտնում ենք, որ պետք է գործի արդյունաբերական զարգացման ծրագիր, այսինքն՝ ոչ թե պաշտոնյաները ցանկանան կամ չցանկանան աջակցել արդյունաբերությանը, այլ ունենան նման պարտավորություններ: Օրենքով դրվի իրավունք և լիազորություն և օրենքով բյուջեում թիվ դրվի»,- ասաց Մ.Մելքումյանը:

Նրա խոսքով՝ Արդյունաբերական զարգացման հիմնադրամը 500մլն դրամ է, որից վարկ ստանալու համար հատկացվում է ընդամենը 20 մլն դրամ է, որովհետև ՀՀ ընկերություններն ընդամենը այդքան վարկ են ուզում, տարվա ընթացքում ընդամենը մի հայտ է եղել. «Այսինքն, ինչ-որ բան էն չի և պետք են համալիր միջոցառումներ, որ զետեղվել են ծրագրում: Յուրաքանչյուր մարզում պետք արդյունաբերական գոտիներ լինեն, որը նորություն չէ, աշխարհում ամեն տեղ կա: Զարգացման հիմնադրամի միջոցները պետք է եռապատկվեն, քառապատկվեն և այլն»:

ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի կարծիքով՝ ծրագիրը չպետք է լինի ինքնանպատակ, 3 տարին մեկ անգամ պտք է բերվի ԱԺ: Նրա խոսքով՝ Մելքումյանի առաջարկած օրինագիծը առողջ մտքեր է պարունակում, տարողունակ է և շատ դրույթներ կարելի է ներառել, պետությունը պետք է ստեղծի մեխանիզմներ. «Պետք է ներկայացվի ծրագիր և ֆինանսական մեխանիզմները պետք է համահունչ լինեն եռամյա ծրագրերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս