Ուկրաինական կողմը թուրքական ընկերությունների հետ քննարկում է Սևծովյան նեղուցներով հեղուկացված գազի ներկրման հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական մասնավոր ընկերություններն իրենց թուրք գործընկերների հետ քննարկում է Սևծովյան նեղուցների միջոցով, Ռուսաստանի տարածքի շրջանցմամբ հեղուկացված գազի փոխադրման շուրջ:

Այս մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները: Ուկրաինական կողմը ցանկանում է դիվերսիֆիկացնել գազի մատակարարման իր աղբյուրները և միակ երթուղին, որը տալիս է նման հնարավորություն, անցնում է Սև ծովով:

Դրա հետ կապված՝ օրակարգում է գտնվում Օդեսայում հեղուկացված գազի տերմինալի կառուցման հարցը, ինչը թանկարժեք նախագիծ է: Սևծովյան նեղուցներով հեղուկացված գազի ներկրման հարցում անհրաժեշտ է բանակցել Թուրքիայի հետ:

Թուրքիան, սակայն, ընդգծում է գործընթացի անվտանգության խնդիրներն ու Ստամբուլի կենտրոնով անցնող Բոսֆորի նեղուցում լցանավերի վթարման հավանականությունը:

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ հեղուկացված գազի ներկրմանը խոչընդոտում է Թուրքիայի դիրքորոշումը:

Տեսանյութեր

Լրահոս