Տիգրան Սարգսյանի ու նրա կառավարության «քաջագործությունների» թոփ տասնյակը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովի նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը թվարկեց Տիգրան Սարգսյանի և նրա կառավարության «քաջագործությունների» թոփ տասնյակը: Փաշինյանը սկսեց վերջինից։

10-րդ հորիզոնականում է 2008թ. հոկտեմբերի 22-ին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարությունը, երբ Տիգրան Սարգսյանն առաջարկեց տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի զարմանալի մեթոդ՝ հնարավորինս քիչ խոսել ճգնաժամի մասին, քանի որ ինչքան շատ խոսենք, այնքան դրա հավանականությունը մեծանում է: Այդ ժամանակ, երբ ճգնաժամը մտել էր տները, վարչապետն առաջարկում էր չխոսել դրա մասին: Արդյունքում 2009-ին ՀՆԱ 14.8% անկում եղավ:

9-րդ տեղում է Հրայր Թովմասյանի հայտարարությունը՝ «ղալաթ» անողների հասցեին:

8-րդ տեղում 2011թ. նոյեմբերի 11-ին Կ.Դեմիրճյանի համալիրում Տիգրան Սարգսյանի հարբած վիճակում հայտնվելն էր հանրության առաջ: Բայց Տիգրան Սարգսյանն այդպես էլ չխոստովանեց, որ հարբած է եղել, ինչը հանրության նկատմամբ նրա վերաբերմունքի ապացույցն է:

Կարդացեք նաև

7-րդ՝ 2011թ-ին «168 Ժամ» թերթին տված հարցազրույցում Տիգրան Սարգսյանն ասել էր՝ ինչ անենք՝ արտագաղթը զսպենք, թողնենք, որ կրտիկական զանգվածը մնա այստեղ և լինի հեղափոխություն: Սա սկանդալային հայտարարություն է, ու թեև Տիգրան Սարգսյանը մինչև վերջ պնդեց, թե ինքը նման բան չի ասել, բայց ձայնագրությունը հրապարակվեց:

6-րդը գազի սկանդալն է: Կառավարությունը 2 տարի թաքցրել է, որ գազի գինը բարձրացել է՝ 3 ընտրություն գլուխ բերելու նպատակով: Ընտրություններից հետո ասացին, որ ոչ միայն թանկացել է, այլ պարտք են կուտակել և դրա դիմաց մեր փոքր քանակի բաժենտոմսերը հանձնեցին «Գազպրոմին»:

5-րդ հորիզոնականում արագաչափերի տեղադրումն է, որ արդեն 11 մլրդ դրամ է խլել քաղաքացիներից, որ նախկինում նրանք օգտագործում էին իրենց երեխաներին կոշիկ առնելու, սնվելու համար, հիմա տալիս են ոստիկանությանը, «Դրիմ Սեքյուրիթիին»:

4-րդ՝ «Նաիրիտի» հարցը, որ Տիգրան Սարգսյանը, լինելով ԱՊՀ Միջպետական բանկի նախագահ, վարկ տվեց «Ռայնովիլ» անունով ընկերությանը, և արդյունքում «Նաիրիտը» սնանկացավ: Կարծես, ղեկավարությունը իրար «աբգոն» են անում գալիս են, սնանկացնում, գնում: Տիգրան Սարգսյանի եղբայր Աշոտ Սարգսյանը, լինելով «Նաիրիտի» փոխտնօրեն, ստացավ աստղաբաշխական աշխատավարձ, իսկ այսօր «Նաիրիտի» աշխատակիցները չեն կարողանում ստանալ իրենց աշխատավարձը:

3-րդ՝ կենսաթոշակային բարեփոխումները, պատկերացնո՞ւմ եք, այդ ինչքան էր հակասահմանադական, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական:

2-րդ՝ Արարատյան դաշտավայրի ջրերի կորստի խնդիրը, որն էկոլոգիական աղետ է, որի մասշտաբները դեռ չենք գիտակցել:

1-ին տեղում, իհարկե, օֆշորային սկանդալն է, որ Տիգրան Սարգսյանը մարդկանց ներկայացնում է անհայտ մեկին, համոզում է ներդրումներ կատարել, 10 մլն փոխանցում են Կիպրոսում հաշվեհամարին, իսկ հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանը կորցնում է իր ունեցածը:

«Եվ այս կառավարության արդյունքում ունենք աղքատության աճ, ներդրումների կրկնակի կրճատում և այլն: Եվ Տիգրան Սարգսյանը գրում է, թե մենք գործարարության առումով առաջ ենք անցել Ֆրանսիայից: Այստեղ են ասում՝ կանգ առ, երկրագունդ, իջնող կա»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:

«Հիթ-շքերթն ավարտվեց, անցնենք հաջորդին»,- նկատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս