Արամ Մանուկյանը՝ «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքի մասին. Սա խայտառակ մասշտաբների կողոպուտ է
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց 4 խախտումներ, որոնք, ըստ նրա՝ հիմնավորում են «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքի գործարքի կոռուպցիոն բնույթը: Նա շեշտեց, որ ոչ թե դեմ են ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը, այլ խնդիրը գործարքի էությունն է:
Ա.Մանուկյանի խոսքով՝ ՀԷԿ-ը վաճառվել է 180 մլն դոլարով, երբ դրա իրական արժեքը տասնապատիկ ավելին է. «Սա խայտառակ մասշտաբների կողոպուտ է»:
Օրենքի խախտում է ջրամբարների օտարումը: Պատգամավորը նշեց, որ ջրային համակարգերը պետական սեփականությունն են և մասնավորեցման ենթակա չեն: «Ջրային օրենսդրությունը կոպտագույն խախտվել է»,- ասաց Մանուկյանը:
Ըստ նրա՝ այդ գործարքով խախտվել է ՀՀ և Իրանի համագործակցությունը, քանի որ պայմանագրում նշված է, որ Որոտանի համակարգը չի կարող օգտագործվել Իրանի հետ էներգետիկ փոխգործակցության մեջ:
Չորրորդ խախտումը, ըստ Ա.Մանուկյանի, Ազգային ժողովը շրջանցելն է, որ վաճառքի նախագիծը չի ներկայացվել ԱԺ:
«Կոռուպցիոն բնույթի հանցագործության հատկանիշներ են առկա: Դրանք են՝ վաճառքի ցածր գինը, օրենքի կոպիտ խախտմամբ ջրամբարների վաճառքը և ԱԺ-ն շրջանցելը: Հետաևաբար՝ ես դատախազությանը ներկայացնում եմ հաղորդում՝ «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքի վերաբերյալ»,- ասաց Ա.Մանուկյանը: