Պետական գանձարանը դատարկ չէ. ֆինանսների փոխնախարար
2013 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հարկային պարտավորությունների ո՞ր մասն է կատարվել և արդյոք կա՞ն գերավճարներ: Նման հարցադրում այսօր Աժ նիստում 2013 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հնչեցրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` դիմելով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին: Նա նաև հետաքրքրվեց, թե ճի՞շտ են այն հրապարակումները, որ գանձապետարանը դատարկ է:
«Դեկտեմբերի 31-ի դրությամբ չկա գերավճար, որ օրենքով սահմանված կարգով վերադարձման ենթակա լինի, բայց վերադարձված չլինի»,- պատասխանեց Ջանջուղազյանը:
Ըստ նրա` գերավճար/կանխավճար բառերի շփոթմունք է տեղի ունենում: Անդրադառնալով գանձապետարանի դատարկությանը` փոխնախարարը նշեց. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ երկար տարիներ չենք ունեցել նման իրավիճակ, որ գանձարանը դատարկ լինի: Չի եղել ստանձնած պարտավորություն, որի դիմաց վճարում կատարված չլինի գանձապետարանի դատարկ լինելու պատճառով: Որևէ պնդում, որ գանձապետարանը դատարկ է, չի համապատասխանում իրականությանը»: Միաժամանակ նա նշեց, որ չի եղել, որ հարկային եկամուտների կատարման ռիսկեր չլինեն և դա բնական է, միշտ էլ եղել է լարված բյուջե: