Քանի դեռ ՀՀԿ-ն կա, Սերժ Սարգսյանն իր մեծ դերակատարումը կունենա. Գալուստ Սահակյան
2018 թվականից հետո Սերժ Սարգսյանը չի կարող պաշտոնավարել, որովհետև Սահմանադրությունը չի թույլ տալիս: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Սակայն, ըստ նրա, Սերժ Սարգսյանը միշտ էլ մեծ դերակատարում է ունենալու. «Միտքը անհեթեթ է ինձ համար, որ Սերժ Սարգսյանն իր բարձր պաշտոնը ապահովելու համար է անում դա: Չեմ կարող հասկանալ տրամաբանորեն որտեղ եք տեսնում: Քանի դեռ ՀՀԿ-ն կա, Սերժ Սարգսյանն իր մեծ դերակատարումը կունենա: Ի վերջո, ՀՀԿ-ն պետք է ընտրություններին մասնակցի և ամենամեծ ուժն է, կարծում եմ, ոչ թե սպառվում է, այլ ավելացնում է իր դերը, ու Սերժ Սարգսյանի դերակատարումը ՀՀԿ-ում միշտ բարձր է լինելու»:
Սահակյանը նշեց, թե սահմանադրական փոփոխություններն այլ կուսակցությունների որդեգրած քաղաքականություն են, նաև վերջին ընտրությունների ընթացքում. «Մենք մեր դիրքորոշումն ունենք, բայց երբեք չենք խոսում, մտածում ենք, երբ քաղաքական ուժերի կարծիքը ձևավորված կլինի, մենք մեր գնահատականները կտանք»:
Գ.Սահակյանի կարծիքով՝ Սահմանադրությունն ընդհանրապես քաղաքական գործոն չէ, դա պետք է համապատասխանի իրավաբանական գործառույթներին, քանի որ քաղաքականությունը կարող է փոխվել: