
Վերակառուցվում է Գլխավոր պողոտայի` Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած այգին

Երևանի քաղաքապետարանի այգիների և պուրակների վերակառուցման ու նորերի կառուցման 2014թ.-ի ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բարեկարգ զբոսայգիների թիվը կավելանա ևս 10-ով՝ շուրջ 25 հեկտարով ավելացնելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ծավալը:
Այդ համատեքստում այս տարի ամբողջովին կբարեկարգվի նաև Երևանի Գլխավոր պողոտայի` Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած տարածքը:
Նախորդ դարի 70-ական թվականներին կառուցված այգին անխնամ և բարձիթողի վիճակում է եղել տասնամյակներ շարունակ: Տեխնիկական անբավարար վիճակով պայմանավորված՝ տարածքում չեն շահագործվել նաև ջրավազանները, ջրամատակարարման, ջրահեռացման ու ոռոգման համակարգերը:
Տվյալ տարածքում ներկայումս մեկնարկել են շինբարեկարգման լայնածավալ աշխատանքները: Զբոսայգու վերակառուցման ծրագրի արդյունքում ամբողջությամբ կվերականգնվի հանգստի գոտու նպատակային նշանակությունը և այն լիովին կծառայի երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին: Գլխավոր պողոտայի այս հատվածի բարեկարգման նախագծային առաջարկը ներառում է նույն հատվածի ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ առաջարկվող կանաչ զանգվածի և գազոնների, մայթերի և սալահատակների բարեկարգումն ու արդիականացումը։
Նախատեսվում է նաև արդեն քայքայված և երկար ժամանակ չգործող ջրավազաններն ու շատրվանները փոխարինել ժամանակակից ջրային և լանդշաֆտային տարրերով ու շատրվաններով։ Պողոտայի նշված հատվածում տեղ կգտնեն նաև ճարտարապետական և լանդշաֆտային փոքր ձևեր և ծավալներ։ Տարածքի վերակառուցումը ենթադրում է այգու կանաչ գոտու առկա ծառատեսակների և թփերի քանակական առավելագույն պահպանություն և ավելացում։ Հանգստի գոտին կապահովվի ոռոգման համապատասխան ցանցով, կհամալրվի նոր ծառատեսակներով և դեկորատիվ թփերով։
Այգու ամբողջ միջավայրը հարմարեցված և մատչելի է լինելու նաև բնակչության սակավաշարժ խմբերի համար։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն