Նոր բնակարանը մի իսկական փրկօղակ է դարձել երկկողմանի ծնողազուրկ 5 երեխաների համար (տեսանյութ)
«Շիրակ կենտրոնը» շարունակում է ներկայացնել երկկողմանի ծնողազուրկ երեխաների ապրելակերպի մասին պատմող տեսանյութեր: Այսօր ներկայացվող տեսանյութը 5 մանկահասակ այդպիսի երեխաների և նրանց խնամակալ 78-ամյա տատիկի ապրելակերպի մասին է:
Ի դեպ, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս նրանց բառիս բուն իմաստով հայտնաբերել էինք դեռ երկու տարի առաջ՝ Գյումրու Մուշ-2 թաղամասում իրականացվող բնակբաշխման գործընթացի օրերին: Այդ ժամանակ երեխաները բնակվում էին քաղաքամերձ տարածքներից մեկում տեղադրված խարխուլ տնակում, հաշմանդամություն ունեցող, հիմա արդեն վաղամեռիկ հոր հետ:
Այդ օրերին նրանց փնտրելու առիթն այն էր, որ նրանք թեև բնակարան ստանալու շահառու էին, սակայն երկար ժամանակ չէին ներկայանում բնակբաշխման վիճակահանությանը, ինչի պատճառով հայտնվել էին նոր բնակարանից զրկվելու վտանգի առջև: Բարեբախտաբար մենք նրանց կարողացանք գտնել ժամանակին ու հրավիրել վերջին բնակբաշխման վիճակահանությանը:
Այդ մասին կարելի է կարդալ մեր կողմից պատրաստված «Հինգ ծնողազուրկ երեխաների անօթևան ընտանիքը հայտնվել էր բնակարանից զրկվելու վտանգի առջև» տեսանյութում:
Այսօր «Շիրակ կենտրոնի» գործընկերների օժանդակությամբ ձեռք բերված օգնությունը տրամադրելու նպատակով կրկին այցելեցինք այս ընտանիքին, որը երկրորդ տարին է՝ բնակվում է նոր ստացած տանը:
Երեխաներից մեծը՝ 17-ամյա Անահիտը, մեկ տարի առաջ ամուսնացել էր և սպասում էր փոքրիկի: Մյուս 4 մանկահասակ երեխաներն ապրում են տարեց տատիկի խնամակալության ներքո: Այսօր դժվար է անգամ պատկերացնելը, թե ինչ կլիներ նրանց վիճակը, եթե զրկվեին բնակարանից ու հոր մահից հետո էլ շարունակեին բնակվել այն խարխուլ տնակում: