Քրիստիան Ռիչել. Հայաստանը բոլոր հնարավորութուններն ունի փոխարինելու Թուրքիային՝ դառնալով ՌԴ-ի հիմնական մատակարարը
Ժամանակակից ջերմոցների կառուցման ոլորտում մասնագիտացած եվրոպական շուկայի առաջատար ֆրանսիական Richel Group ընկերությունը Հայաստանում ջերմոցների կառուցման ծրագիր է իրականացնում: 168.am-ի հետ զրույցում ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Քրիստիան Ռիչելը հայտնեց, որ Կոտայքի Գողթ համայնքում տեղի գործընկերների հետ հիմնել են 10 հա մակերեսով ջերմոցներ՝ հագեցած առաջատար սարքավորումներով: Ջերմոցի կառուցումն արդեն ավարտված է և սկսել են լոլիկ ու վարունգ աճեցնել:
Ք.Ռիչելը նշեց, որ հատուկ ծրագիր է կիրառվում, որը թույլ է տալիս գազի 30% խնայողություն անել և դրա շնորհիվ աճեցվող բերքն առավել արդյունավետ և էժան է ստացվում. «Հատկապես Գողթի մեր գործընկերները շատ լավ աշխատանքային թիմ ունեն և աշխատուժը արդյունավետ է օգտագործվում գյուղատնտեսության մեջ»:
«Հայաստանը շատ կարևոր արտահանող կարող է դառնալ, հատկապես՝ լոլիկ ու վարունգ կարող է արտահանել Ռուսաստան: Ներկայումս Ռուսաստանի բանջարեղենի շուկայի 30%-ն ապահովում է Թուրքիան: Կարծում եմ, որ Հայաստանը բոլոր հնարավորութուններն ունի փոխարինելու Թուրքիային և ինքը դառնա ՌԴ-ին նշված բանջարեղենի հիմնական մատակարարը»,- ասաց Ք.Ռիչելը:
Ըստ նրա՝ դրա համար կա 3 պատճառ կա, նախ՝ կլիմայական պայմանները Հայաստանում շատ նպաստավոր են լոլիկի ու վարունգի արտադրության համար, գազը ՀՀ-ում թանկ է, բայց Թուրքիայում ավելի թանկ է, իսկ իրենք գտել են մեխանիզմներ՝ հնարավորինս արդյունավետ օգտագործելու ջերմությունը»: Երրորդ պատճառը Հայաստանի անդամակցությունն է Մաքսային միությանը, ինչը թույլ կտա ավելի ցածր գին ունենալ և հնարավոր կլինի ՌԴ արտահանել առանց մաքսազերծման:
Ֆրանսիացի գործարարը չհամաձայնեց, որ Թուրքիայում գյուղմթերքն էժան է համատարած և մեծ չափով սուբսիդավորվման շնորհիվ: Նրա կարծիքով՝ Թուրքիան բանջարեղենի ավանդական մատակարարն է դեպի Ռուսաստան և Թուրքիայի համար նախատեսված են ավելի բարենպաստ մաքսային սակագներ, սակայն ՀՀ-ի ՄՄ անդամ դառնալուց հետո իրավիճակը կփոխվի: