Դատարանը որոշում է կայացրել՝ առանց «Հանուն Հայաստանի»
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Հեքիմյանը դիմել էր 168.am-ի խմբագրություն՝ նշելով, որ վիճարկում է Արմավիրի մարզի դատախազ Ա. Սիմոնյանի և ՀՀ ոստիկանության հետաքննիչ Ս. Մելիքյանի որոշումների՝ «Իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխանության հարցը: Կ. Հեքիմյանը նշեց դատախազի և հետաքննիչի որոշումներով առկա նշումները, որոնք, ըստ նրա, չեն համապատասխանում «Իրավական ակտերի մասին» օրենքի պահաջներին (խոսքը մի քաղաքացու հաղորդման հիման վրա քրեական գործ չհարուցելու որոշման և դրա բողոքի մերժման մասին որոշումների մասին է):
««Իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ իրավական ակտի դրությունները պետք է ընկալվեն միանշանակ, ապահովեն հուզական չեզոքություն, որը Արմավիրի մարզի դատախազն իր անհատական իրավական ակտում չի ցուցաբերում: Օրինակում նշում է՝ Ռուսլան Մարուքյանը ԼՀՂ ինքնապաշտպանական մարտերի ժամանակ կորցրել է ոտքը և գտնվել է ծանր սոցիալական վիճակում՝ չունենալով բնակարան, նրա սոցիալական վիճակը թեթևացնելու համար, և այլն:
Այս ամենը գրվում է անհատական իրավական ակտում: Դա սխալ է: «Իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ իրավական ակտում այն ընդունող մարմինը նշում է կատարում դրա բնույթի մասին: Օրինակ՝ «Ն» տառով նշում են նորմատիվ իրավական ակտը, «Լ» տառով՝ լոկալ իրավական ակտը, «Ա» տառով՝ անհատական իրավական ակտը: Մարդիկ կազմում են իրավական ակտ ու ոչ մի տառով չեն նշում: Գնա, հասկացիր՝ ի՞նչ է դա իրենից ներկայացնում: Չէ՞ որ դրանք օրենքի առումով տարբերվում են: Եթե դու որոշում ես բողոքարկել այս ակտերը, ապա դրանց բողոքարկման տիպն էլ է տարբեր:
Համաձայն «Իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության՝ օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս՝ դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության օրենք» բառերը: Համաձայն «Իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերության՝ օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը և օրենսգրքի վերնագիրը: Մարդիկ, փաստորեն, դա էլ հաշվի չեն առնում: Կազմում են անհատական ակտ, և փոխարենը գրեն՝ «Հայաստանի Հանրապետություն» բառերը, շատ կրճատ գրում են՝ ՀՀ:
«Իրավական ակտերի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ կետի՝ նույն կամ այլ իրավական ակտին հղումներ պետք է կատարվեն հստակ և ուղղակի: Այսինքն՝ եթե մարդն իրավական ակտ է կազմում և հղում է կատարում իրավական այլ ակտի, շատ հստակ պետք է գրի մյուս իրավական ակտի լրիվ անվանումը, չի թույլատրվում կիրառել «վերոնշյալ», «վերոգրյալ», «նախկինում նշված», «նման», «սրանով», «սույնով» բառերը: Դա էլ իրավական ակտերի տեխնիկայի կանոն է, որը կրկին չի արծարծվել Սիմոնյանի հեղինակած իրավական ակտում:
Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 44 հոդվածի 2-րդ կետի` ստորագրությունը դրվում է իրավական ակտի պաշտոնական տեքստի վերջին էջի տեքստից հետո` նշելով պաշտոնատար անձի պաշտոնը, անվան սկզբնատառը, ազգանունը և իրավական ակտի ստորագրման տարին, ամիսը,ամսաթիվը և ընդունման վայրը: Կրկին մարդիկ կազմում են իրավական ակտ, ու թքած ունեն այս ամենի վրա»,- ասաց Կ. Հեքիմյանը՝ նշելով, որ բարձրաձայնած հարցերը կազմել են քրեական գործ չհարուցելու մասին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված իր բողոքի մի մասը:
Կ. Հեքիմյանն անդրադարձավ նաև Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը: Դատարանը որոշել է մերժել քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը, իսկ բողոքում ներկայացված հանգամանքին, որոնք վերաբերում էին «Իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին, դատարանը, ըստ Կ. Հեքիմյանի՝ անդրադարձել է մեկ նախադասությամբ՝ նշելով. «Ինչ վերաբերում է բողոքաբերի մնացած պնդումներին, ապա դատարանը գտնում է, որ դրանք կրում են ձևական բնույթ, և բողոքարկվող որոշումները ձևական առումով վերացնելու հիմքեր չկան»:
«Ձեռքիս տակ է բլանկ, ամենայն հավանականությամբ, դատարանի բլանկ է: Վերնամասում գրված է՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան: Բացում ենք Սահմանադրության համապատասխան կետը՝ գլուխ 6-րդ՝ դատական իշխանությունները: 91-րդ հոդվածում գրված է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: Դատարանի վերջնական որոշումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անունից: Արդեն 92-րդ հոդվածում նշվում է դատարանների այն ցանկը, որոնք գործում են Հայաստանի Հանրապետությունում: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ, վերաքննիչ դատարաններ և վճռաբեկ դատարան, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ նաև մասնագիտացված դատարանները:
Հիմա Հայաստանում նման բան չկա: Խոսքն, ամենայն հավանականությամբ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մասին է, սակայն բլանկի վրա նշված է՝ «առաջին ատյանի դատարան»: Նայում ես Սահմանադրությունը, նման դատարան չկա: Սկզբից կարծում էի, որ վրիպակ է, այնինչ որոշման տակ էլ է գրված՝ «Ամավիրի մարզի առաջին ատյանի դատարան»: Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես՝ Էջմիածին քաղաքի Կամո 15 հասցեում, գործում է մի կառույց, որը նախատեսված չէ օրենքներով ու Սահմանադրությամբ:
Դատավորը երևի թե չի ուզում ընկնել ձևականությունների ետևից ու գրում է այնպես, ինչպես ուզում է: Ես այդ եզրակացությանը եկա՝ կարդալով նաև կնիքի վրա: Կնիքի վրա հստակ գրված է՝ «Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան»: Երկրորդը: Դատարանը որոշում է կայացրել, ու չես հասկանում՝ հանուն ինչի: Այնինչ՝ Սահմանադրությունում գրված է, որ դատարանը պետք է վերջնական ակտերը կայացնի հանուն Հայաստանի Հանրապետության: Ես գտնում եմ, որ նման վերաբերմունքը Սահմանադրության, հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության հանդեպ լի է բազմաթիվ ռիսկերով: Խոսքը նաև նրա մասին է, որ դրանով կոպտորեն խախտվում է Սահմանադրությունը, ու բացահայտվում է նմանատիպ դատարանների դատավորների էությունը՝ գրագիտության իմաստով: Ես կարծում եմ, որ նման բաները պետք է բացառվեն: Եթե կա օրենք, այն պետք է կիրառվի: Օրենքը չի կարող ձևական լինել»: