
Պուտինի հետ ձեռք է բերվել 3 պայմանավորվածություն. Պորոշենկո

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ Ֆրանսիայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարճատև շփումից հետո հայտարարել է, որ Պուտինի հետ ձեռք է բերվել երեք պայմանավորվածություն:
Պորոշենկոն մանրամասնել է, որ դրանց համաձայն, Ռուսաստանը ներկայացուցիչ կուղարկի Ուկրաինա` բանակցելու հանմար: Բացի այդ, Ուկրաինան ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնային խորհուրդը չեղյալ կհայտարարի Ուկրաինայի տարածքում ռուսական բանակի գործածման մասին որոշումը:
Պորոշենկոն հավելել է, որ իրենք պլանավորում են ռուսական կողմի հետ համատեղ գործողություններ ձեռնարկել սահմանների այն հատվածի փակման ուղղությամբ, ուր տեղի են ունենում զինված հակամարտություններ և դիվերսանտների կողմից ուկրաինական սահմանի մշտական հատումներ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանը Պորոշենկոյի այսօրվա երդմնակալությանը ներկա կգտնվի իր դեսպանի մակարդակով, որը փետրվարի վերջին հետ էր կանչվել Ուկրաինայից: