«Սիրիական պատերազմի ընթացքում սա հայության կրած ամենամեծ կորուստն է» (լուսանկարներ)

Հունիսի 1-ից աննախընթաց հրթիռակոծման է ենթարկվում Հալեպ քաղաքը, ինչի հետևանքով մեծ վնասներ են կրում հայկական թաղամասերը: Սիրիական պատերազմի ամբողջ ընթացքում անվտանգ համարվող Հալեպի հայաշատ վայրերն այսօր նման են աղետի գոտու: Նոր Գյուղ հայաբնակ թաղամասից տարհանվել է ամբողջ հայությունը. նրանցից շատ քչերն են հասցրել իրենց հետ առաջին անհրաժեշտության իրեր վերցնել՝ տներն ու ունեցվածքը դարձել են հրո ճարակ: Հայ զոհերի թիվը 4 օրվա ընթացքում հասել է 15-ի:

168.am-ը քիչ առաջ կապ հաստատեց Սիրիա, Նոր Գյուղ թաղամաս, որտեղ մնացած քչաթիվ հայերից է Հակոբ Դլդլյանը, ով հալեպահայությանը հայտնի է «Դեղագործ Հակոբ» անունով: Նա Հալեպի ամենամեծ դեղատներից մեկի՝ «Սպիտակ» դեղատան արտոնատերն է:

Halep (1)

– Հակոբ, ի՞նչ է կատարվում Նոր Գյուղում:

– Այն, ինչ կատարվում է, հնարավոր չէ բառերով նկարագրել: Ամբողջ սիրիական պատերազմի ընթացքում սա հայության կրած ամենամեծ կորուստն է, որի մասին լրատվամիջոցները կարծես լռում են, իսկ եթե խոսում են, ապա՝ հպանցիկ: Երբ Քեսաբը գրավվեց, ամբողջ մամուլը հեղեղվեց «Փրկենք Քեսաբը» կոչերով, այն դեպքում, որ քեսաբցին այնքան էլ վնաս չկրեց: Իսկ Նոր Գյուղի հայերի ամբողջ տները, հիմնականում՝ շենքերի վերևի հարկերն ամբողջությամբ չկան, ունեցվածքը փչացել է:

Halep (4) Halep (2)

Հայերը տասնամյակներ շարունակ այս թաղամասում հիմնել են խանութներ, վաճառատներ, որոնք այսօր հրթիռակոծության զոհ են դարձել: Տասնյակ եկեղեցիներ, դպրոցներ, հայկական կառույցներ կան, որոնք մասամբ կամ ամբողջովին մնասվեցին այս մի քանի օրվա ընթացքում: Նոր Գյուղը հայտնի էր՝ իբրև սիրիահայության բաբախող սիրտ: Այսօր փողոցներում միայն գնդակոծության ձայներն են լսվում: Գրեթե հայ չի մնացել Նոր Գյուղում: Շատ ցավալի վիճակ է:

– Իսկ Դուք ինչո՞ւ եք մնացել:

– Ես ստիպված եմ մնացել, քանի որ իմ դեղատունը շրջանում մնացած միակ դեղատունն է, որ դեղեր է մատակարարում մարդկանց: Այս օրերին մարդիկ հացի, ջրի պես՝ դեղի կարիք ունեն, տասնյակ զինվորների առաջին օգնություն եմ ցույց տալիս:

– Վտանգավոր չէ՞:

– Շատ վտանգավոր է: Ամբողջ գիշեր հրթիռակոծում էին, հրաշքով է, որ փրկվում ենք: Իմ աչքի առջև այս պահին, մայթի վրա դիակներ կան ընկած, արդեն սովորական է դարձել մայթին դիակներ տեսնելը… Իմ դեղատան և «Ալ Քաիդայի» կենտրոնի միջև ընդամենը 50 մետր է:

Halep (5) Halep (10) Halep (11)

– Հայերն ո՞ւր են գնացել:

– Հիմնականում մի քիչ ավելի հեռու գտնվող հայկական կենտրոնների սրահներում են, չնայած սրահներն էլ անվտանգ չեն: Լաթաքիա տեղափոխվողներ էլ կան: Կան, որ միակ բաց ճանապարհով Բեյրութ են գնում, այնտեղից՝ Եվրոպա: Մի խոսքով, հայությունը կրկին բռնել է գաղթի ճանապարհը:

– Իսկ առաջին անհրաժեշտության օգնություն ստանո՞ւմ են:

– Ստանում են, հայկական կազմակերպությունները հնարավորինս օգնում են, բայց Հալեպում մնացած հայությունն այսօր համահայկական օգնության կարիք ունի: Քաղաքում ընդհանրապես ջուր չկա՝ ջրի խողովակն են պայթեցրել: Իսկ առանց ջրի, չգիտեմ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում: Երկրում դեղի, սննդամթերքի մեծ պակաս կա: Ժամկետանց դեղերն ու սննդամթերքը լիքն են: Մարդիկ ստիպված դրանք են օգտագործում: Անցնող շաբաթներին երեխաները պաղպաղակից թունավորումներ ունեցան: Սիրիայում 52 դեղի գործարան կար, որոնցից երկուսը հազիվ է գործում: Պատերազմ է՝ իր բոլոր օրենքներով:

Halep (6) Halep (7) Halep (3)

– Հայաստանից ի՞նչ օգնություն է գալիս հայությանը:

– Հիմնականում ճնշման կարգավորման, շաքարախտի դեղեր ենք ստացել անցնող օրերին: Սննդամթերքի կարիք կա: Անցնող ամիսներին աշխարհի հայկական կառույցները բավական մեծ գումարներ են հանգանակել, բայց այդ գումարները հիմնականում աշակերտների դպրոցական վարձավճարների վրա ծախսվեցին: Ինչպես գիտեք, հակառակ պատերազմին՝ հայկական դպրոցները գործում էին: Ի դեպ, Նոր Գյուղի վարժարանները՝ Սահակյանն էլ, Զավարյանն էլ, մյուսներն էլ մեծ վնասներ կրեցին:

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք առհասարակ:

– Ակնկալիքներս լրատվամիջոցներից է, որ կարողանան Նոր Գյուղի դեպքը հնարավորինս տարածել, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ի՞նչ է կատարվում այստեղ, փորձեն հայության վիճակը մեղմել, ձեռք մեկնել:

– Հակոբ, իսկ ինչո՞ւ այնտեղ գտնվող հայերը նախօրոք դուրս չեկան, մնացին…

– Հավատում էին, որ վիճակը կլավանա, հետո մարդիկ տեր էին կանգնում իրենց տարիներով ստեղծած ունեցվածքին, հեշտ չէ այդ ամեն ինչը թողնել մեկ օրում և հեռանալ: Ոմանք ուզում էին այստեղ մնացած մյուս հարազատների մոտ լինել: Հայերը սովորաբար հայրենասեր են այստեղ, հավատում են սիրիական պետությանը, սիրիական բանակին, քաջալերում են զինվորներին: Բայց անկեղծ որ ասեմ, սա լավ դաս եղավ հայությանը, որ օտար հողերում արմատներ չնետեն:

Halep (8)

Ես ինքս Երևանում տուն ունեմ, բայց մնացի, դուրս չեկա, կինս հայաստանցի է, միակ հայաստանցիներից է, որ մնաց, չգնաց: Ինչ-որ հավատով ենք մնում և հույս ունենք, որ ահաբեկությունը շուտով կդադարեցվի: Պատերազմը հույս չունեմ, թե կվերջանա, բայց ահաբեկությունը գոնե շուտ դադարեցվի:
Անձամբ ես այսօրվա Լավրով-Քերի հանդիպումից մեծ ակնկալիքներ ունեմ: Ճիշտ է, հայտարարում են, թե օրակարգը մարդասիրական օգնությանն է վերաբերելու, բայց ես քաղաքական որոշում էլ եմ ակնկալում այսօր:

– Այս վերջին սաստկացումն ինչո՞վ էր պայմանավորված

– Բնականաբար, Սիրիայի նախագահական ընտրությունների հանգամանքով: Ընդդիմությունն ամեն ինչ փորձեց անել, որ հալեպցին չգնա ընտրության, բայց հակառակ ամեն ինչի՝ գնաց և կատարեց ընտրություն:

Հիմա Նոր Գյուղը Հալեպի պատմության, առհասարակ, հայության կյանքում բացված մի նոր էջ է: Ով գոնե մի անգամ եղել է Հալեպում, շատ լավ հասկանում է, թե ինչ է Նոր Գյուղը հայության կյանքում, կարող է պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել: Ուզում եմ, որ ամբողջ հայությունը մի քիչ ավելի լավ պատկերացնի, թե ինչ կատարվեց անցնող օրերին:

 

Տեսանյութեր

Լրահոս