«Պետության ղեկավարին հարիր չէ լռել այնտեղ, որտեղ չի կարելի լռել». Արարատ Զուրաբյան. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:
-Պարոն Զուրաբյան, ՀՀՇ-ն այն եզակի քաղաքական ուժերից է, որ ի սկզբանե դեմ է եղել Հայաստանի անդամագրմանը Մաքսային, Եվրասիական տնտեսական միություններին:Աստանայում տեղի ունեցածից հետո, ըստ Ձեզ, որը՞ պետք է լինի Հայաստանի անելիքը:
-Կարծում եմ՝ չարժե կրկնել կարծիքս դրա վերաբերյալ, որովհետև այն հայտնի է: Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչ պետք է անի Հայաստանը, ապա ըստ իս՝ օր առաջ հրաժարվի մի գործընթացից, որը ոչինչ չի տալու հայ ժողովրդին և առաջին պահից սկսած հարվածներ է հասցնում:
-Սերժ Սարգսյանը Հայաստանում հայտարարեց, որ Նազարբաևի հայտարարությունը մեզ չի կարող վնասել, և Հայաստանը կանդամագրվի Եվրասիական տնտեսական միությանը: Ղարաբաղի հարցն այդ դեպքում ինչպե՞ս պետք է լուծել:
-Այստեղ հարցը շատ խորքային է: Պետք է նախևառաջ մի բան ֆիքսել՝ մենք մաս ենք կազմում մի միության, որտեղ հիմնադիր անդամ երկրներից գոնե մեկը բարձրաձայնում է մեզ հետ փաստացի պատերազմում գտնվող երկրի շահերի մասին և պահանջ է դնում, որպեսզի Հայաստանն ինչ-ինչ զիջումների գնա:
Ի սկզբանե ակնհայտ է, որ երբ ձևավորվում է միություն, դրա մասնակիցները պետք լինեն բարեկամ պետություններ, և նրանց համար պետք է առաջնահերթություն լինեն այդ միությանը մաս կազմող պետությունների շահերը, սակայն մեր դեպքում դա խախտվում է:
Ընդ որում՝ եթե Ռուսաստանի դեպքում որևէ մեկը չի բարձրաձայնում Ղրիմի գործոնը, ապա որևէ մեկը իր համար խոչընդոտ չի համարում վեր կենալ և խոսել Ղարաբաղի մասին այն դեպքում, երբ ակնհայտ է, որ Հայաստանն ամբողջությամբ պատրաստ է հանձնվել, մտնել և դառնալ այդ միության մաս, ծառայել այդ միությանը, բայց նրա հաշտվողականությունն այդ ամենի հետ բացարձակ հաշվի չի առնվում, ու պայմաններ են դրվում:
Սա կարծես հետևանքն է ընդհանրապես այս տարիների ընթացքում մեր պետության, մեր իշխանությունների կողմից իրականացված սխալ քաղաքականության: Այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարում է՝ դա մեզ չի վնասի, զուտ արտահայտություն է, որը որևէ նշանակություն չի ունենա:Կարծում եմ՝ պետության ղեկավարին հարիր չէ լռել այնտեղ, որտեղ չի կարելի լռել:
-Մաքսային , հետագայում նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու որոշում կայացրել է ՀՀ իշխանությունը, իսկ ընդդիմադիր ուժերն արդյո՞ք սեպտեմբերի 3-ից մինչ այսօր արել են ամեն ինչ այդ որոշումը չեղյալ համարելու համար:
-Բնականաբար, չի արվել այն ամենը, ինչ պետք է արվեր, բայց սրա հիմնարար պատճառը ոչ թե այն է, որ այս կամ այն քաղաքական ուժը չի ցանկացել որևէ բան անել, այլ գործող ստատուս քվոն մեր քաղաքական դաշտում հետևյալն է․ կա հանրապետական մեծամասնություն, որն իշխանությանն է դիմում, և կա իմ գնահատմամբ՝ ինտեր-ֆրոնտ, որը ոչ թե Հայաստանի Հանրապետության , Հայաստանի հասարակության շահերն է սպասարկում, այլ Ռուսաստանի շահերն է սպասարկում:
Չմոռանանք, որ սեպտեմբերի 3-ից առաջ քաղաքական ուժերի մի մասը հայտարարում էր, որ աշնանն իրենք հուժկու հանրահավաքներ են անելու և հասնելու են իշխանափոխության, սակայն այն պահից սկսած, երբ իշխանությունները գնացին և խոնարաբար Հայաստանի Հանրապետության շահը հաշվի չառնելով հայտարարեցին, որ միանում են Մաքսային միությանը, այդ ընդդիմադիր ուժերի գործունեությունը ամբողջությամբ փոխվեց, և այն հուժկու հարձակումը, որ նրանք պլանավորում էին (և պլանավորում էին միայն մի պատճառով՝ համարում էին, որ Հայաստանը չպետք է գնա ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրելու, և իրենք պետք է ամեն ինչ անեն, որ Հայաստանը ծառայի Ռուսաստանի շահերին այս տարածաշրջանում), նրանք լռեցին։
Սա է մեր իրականությունը: Իսկ թե ինչպես այն փոխել՝ պետք է մտածել, շատ բարդ իրավիճակ է, որովհետև, ըստ իս, ավելի անկումային իրավիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել:
– Առաջիկայում կոնկրետ ՀՀՇ-ի կողմից քաղաքական դաշտում ակտիվություն կարելի՞ է սպասել: Տպավորություն է, որ ոչ իշխանական ուժերը կառավարության հրաժարականով սահմանափակվել են և համակարգային լուրջ փոփոխությունների չեն էլ պատրաստվում գնալ:
-Խնդիրը հետևյալն է՝ Հայոց համազգային շարժումը երբևէ պատրանք չի ունեցել ոչ իրատեսական գործընթացներ իրականացնելու և փորձելու ցույց տալ, թե պայքար է մղում:
Մենք իրատես ենք և գիտակցում ենք մեկ բան՝ այն իրողությունը, որ հիմա կա, նույն այդ քառյակի պայքարը, որը բերեց կոնկրետ անձի փոփոխության, ոչինչ չի կարող տալ Հայաստանին. այդ պայքարն անիմաստ է, պայքարել պետք է նրա համար, որ փոխվի ամբողջ համակարգը:
Հիմա, ցավոք, Հայոց համազգային շարժումը չունի այն ներուժը, որ կարողանա միայնակ դա իրականացնել, դրա համար փորձում ենք գտնել կողմնակիցներ, հնարավորինս բացատրական աշխատանքներ իրականացնել: Մեր հետագա ծրագրերի մասին, բնականաբար, կհայտարարենք:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։