Ուկրաինան ցանկանում է խորացնել քաղաքական և տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ. 1in.am
«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդման հյուրը Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան է:
– Պարոն դեսպան, Դուք Երևան վերադարձաք շուրջ երկամսյա բացակայությունից հետո` Ուկրաինայի նախագահական ընտրություններում Պյոտր Պորոշենկոյի հաղթանակից հետո: Բացակայությունը պայմանավորված էր մի շարք պատճառներով, որ որոշակի ստվեր գցեցին հայ-ուկրաինական հարաբերությունների վրա, մասնավորապես` դա կապված էր պաշտոնական Երևանի` Ղրիմի հետ կապված դիրքորոշման հետ: Ձեր վերադարձն արդեն իսկ փաստում է, որ Երևանն ու Կիևը մտադիր են այդ թյուրըմբռնումն անցյալում թողնել: Ի՞նչ է փոխվել այս երկու ամսում:
– Այո, իրապես ես երկու ամիս անց վերադարձա Երևան` դեսպանի իմ առաքելությունը կատարելու: Ուկրաինայի դեսպանի հետկանչը` կոնսուլտացիաների համար, կապված էր ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության հետ` Ղրիմի հանրաքվեի հարցով… Ընդունված որոշումը քաղաքական էր` պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանը Ռուսաստանի դիրքորոշումը պաշտպանեց: Այդուհանդերձ, Ուկրաինայում ընտրություններից հետո` արդեն իսկ երկրորդ օրը Հայաստանը շնորհավորեց Ուկրաինայի նախագահին` դրանով իսկ ճանաչելով ընտրության արդյունքները, ընտրության, որ ժողովրդավարական էր: Մենք դա ընդունեցինք որպես Ուկրաինայի դեսպանին Հայաստան վերադարձնելու քայլ: Ուկրաինայի ղեկավարությունը, ԱԳ նախարարը դա գնահատում են որպես շատ լավ հարաբերություններ, որպես երկխոսության շարունակություն բոլոր ուղղություններով:
– Հունիսի 27-ին նախատեսված է Ասոցացման համաձայնագրի վերջնական փաթեթի ստորագրումը Վրաստանի և Մոլդովայի հետ, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրումը ԵՄ հետ, զուգահեռաբար ինտենսիվ զարգանում են ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի հարաբերությունները: Ակնհայտ է, որ Եվրոպական և Եվրատլանտյան դաշինքի ինտեգրացիայի ուղղությամբ Ուկրաինայի հավակնությունները դրական իմաստով զարգանում են, որքա՞ն հեռուն կարող է սա գնալ: Ի՞նչ հեռանկարներ կան:
– Ես կցանկանայի այս հարցին այսպես պատասխանել: Նախ` Ուկրաինայի նախագահի ընտրությունները, որ կայացան մայիսի 25-ին, դա և ընտրության արդյունքները, նկատի ունեմ այն, որ նախագահ Պորոշենկոն ստացավ ձայների 54.7 տոկոսը, ընտրությունները անցան Ուկրաինայի քաղաքացիների շրջանում հայրենասիրական զգացումների վերելքի պայմաններում: Ինքս Կիևում մասնակցում էի ընտրություններին և տեսնում էի, որ ընտրատարածքներում հերթ էին կանգնում` թե՛ երիտասարդները, թե՛ տարեց մարդիկ, թե՛ միջին տարիքի անձինք, այսինքն` Ուկրաինայի քաղաքացիները ևս մեկ անգամ եկել էին ընտրատեղամաս, որպեսզի նախ` ընտրեն Ուկրաինայի նախագահին, երկրորդ` հաստատեն կայունությունը երկրում, երրորդ` Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը հաստատեն, ի վերջո` հաստատեն Ուկրաինայի եվրոպական ապագայի ընտրությունը: Ուկրաինան հիմա իրոք ստորագրել է քաղաքական մասը, մնացել է տնտեսական մասը: Մենք հուսով ենք, որ հունիսի 27-ին, իսկ հնարավոր է և ավելի շուտ, կստորագրվի նաև տնտեսական մասը: Իրոք, դա ուկրաինական ընտրությունն է, եվրոպական ինտեգրման ուղու ընտրությունը: Ինչ վերաբերում է Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամագրվելուն, ապա իրոք նախընտրական քարոզարշավի ընթացքում նախագահի թեկնածուների, հանրության մեջ լայնորեն քննարկվում էր դա:
Հարցազրույցն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում: