
ԱՄՆ-ը շարունակում է աջակցել տարածաշրջանային կարևոր նախագծերի իրագործմանը. Մորնինգսթար

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել տարածաշրջանային կարևոր նախագծերի իրագործմանը, ինչպիսին է «Հարավային էներգետիկ միջանցքը»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
Նրա խոսքերով՝ այդ աջակցությունը շարունակվում է 1990-ական թվականներից, ինչի հաստատումն է «Կասպյան նավթ ու գազ» միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ուղերձ հղելը.
«Ներկա դրությամբ ամերիկյան առաջատար ընկերությունները Կասպիցում մասնակցում են «Ազերի-Չըրաղ-Գյունշելի» նավթային հանքավայրի ու «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակմանը և պլանավորում են մասնակցել գազային հետագա նախագծերին»:
Անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված իր հարցազրույցին, որը մեծ աղմուկ էր բարձրացրել Ադրբեջանում, Մորնինգսթարը հայտարարել է, որ յուրքանչյուր ցանկացող կարող է դեսպանատան կայքում ծանոթանալ իր հարցազրույցի տեքստի հետ և կտեսնի, որ այն հավասարակշռված ու արդար է:
Վերջում Մորնինգսթարն ընդգծել է. «Ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները շարունակում են մնալ ամուր, իսկ ես ինքս եղել և հանդիսանում եմ Ադրբեջանի բարեկամը»: