«Մի հատ զավոդ լիներ՝ աշխատեի». «Առավոտ»
«Շատ մարդիկ, որոնց հետ ես զրուցում եմ փողոցում, ներկայացնելով կյանքից իրենց դժգոհությունների սովորական «փաթեթը», վերջում ավելացնում են` «թող նրանք (իշխանությունները – Ա.Ա.) մի հատ զավոդ աշխատեցնեն` գնանք աշխատենք: Էս 25 տարում սաղ քանդին-ավիրին»»,- գրում է «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը՝ ավելացնելով.
«Հետաքրքիր է, որ նույն բանն ասում են մեր այն համաքաղաքացիները, որոնք ապրում են գյուղում` չնայած, ըստ տրամաբանության, գյուղի բնակիչները պետք է, որ ձգտեն հող մշակել և անասուն պահել: Թե ինչու են մարդիկ ցանկանում աշխատել հատկապես գործարանում՝ ես մինչև վերջ չեմ կարող հասկանալ:
Հավանաբար, նրանց մոտ պահպանվել են հիշողությունները, թե ինչպես իրենք կամ իրենց ծնողները ամեն օր գնում էին գործարան, և այդ աշխատանքի շնորհիվ կարողանում էին ապահովել իրենց քիչ թե շատ արժանապատիվ կյանքը: Իհարկե, մարդիկ տարբեր ձևով են հիշում, թե ինչպիսին էր կյանքը 30-40 տարի առաջ:
Իմ հիշողոթյան մեջ պահպանվել է այն պատկերը, որ հայաստանցիների մեծամասնությունը, չնայած, ի տարբերություն այսօրվա վիճակի, ուներ աշխատանք և ստանում էր նորմալ աշխատավարձ, խոսակցությունների մեջ ներկայացնում էր դժգոհությունների գրեթե նույն «փաթեթը»:
Ինչ որակի արտադրանք էին տալիս այդ գործարանները, որտեղ էր այն սպառվում՝ դա, իհարկե, ոչ մեկին առանձնապես չէր հետաքրքրում: Մարդիկ աշխատում էին, անկախ արտադրանքի որակից և սպառումից աշխատավարձ էին ստանում, երբեմն դետալները կամ պատրաստի արտադրանքը տուն էին բերում, երբեմն թանկարժեք մասերը «ձախ» էին վաճառում: Ահա թե ինչու էր այդքան «հարգի» պահեստապետի մասնագիտությունը»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։