«Անգամ ռուս բոլշևիկը հայ ժողովրդին այդքան չի վնասել, ինչքան հայ բոլշևիկը». Քաղաքացիները` Ա. Միկոյանի արձանի մասին (տեսանյութ)
Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը մեծ քննարկումների և տարբեր տեսակետների բախման առիթ հանդիսացավ: Որոշ մարդկանց կարծիքով` Ա.Միկոյանը եղել է ազգի դավաճան և մեղավոր է հազարավոր մարդկաց մահվան մեջ: Իսկ ոմանց կարծիքով էլ` Ա. Միկոյանը եղել է շատ մեծ քաղաքական գործիչ ու ամեն ինչ արել է հայերին օգնելու համար, ուղղակի նա դա արել է ոչ բացահայտ կերպով:
Մեր քաղաքացիների հետ կատարած հարցումները ցույց տվեցին, որ արձանը տեղադրելու հարցը կարող է մեծ բանավեճերի հիմք հանդիսանա, քանի որ տեսակետները շատ հակասական են:
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում Ա. Միկոյանի արձանի տեղադրմանը և ի՞նչ կանեն, եթե արձանը տեղադրվի, մեր քաղաքացիներից ստացանք նմանատիպ պատասխաններ.
«Ամեն դեպքում մեր հայերից է ու ի՞նչ տարբերություն, թե կոնկրետ ինչ ծրագրեր է ունեցել մեր իմացությունից դուրս», «Վայ, մեր տուալետում դրեք, ի սեր Աստծո», «Արձանը, որպես այդպիսին, որևէ ժողովրդի կյանքում տվյալ մարդու նկատմամբ վերաբերմունքի դրսևորում է: Ես չեմ կարծում, որ Միկոյանն այն անձնավորությունն է, որի արձանը պետք է դնեն», «Միկոյանը շատ լավ բաներ է արել հայ ժողովրդի համար, և այն, ինչ 37 թվի մասին խոսում են, երևի լավ տեղեկություններ չունեն, որ այդպես են խոսում, բայց ինքը շատ լավ բաներ է արել», «Ինձ համար Միկոյանը հայ ազգի դավաճան է, ես պատմության մեջ դեռ չեմ նկատել, որ Անաստաս Միկոյանը հայ ազգի համար մի լավ բան արած լինի», «Հայ ազգի դավաճան է նա, այդքան հայի գլուխ է կերել` գրողներ, բանաստեղծներ կուսակցականներ: Մի՞թե նրա արձանը դնելու ժամանակն է: Այդ փողը թող ավելի բարենպաստ նպատակներով ծախսեն», «Մի հայտնի արտահայտություն կա` հայ բոլշևիկից վատ մարդ չկա: Հայտնի ասույթ է դարձել մեր իրականության մեջ: Ոչ ոք մեզ այդքան չի վնասել, որքան հայ բոլշևիկը: Անգամ ռուս բոլշևիկը հայ ժողովրդին այդքան չի վնասել, ինչքան հայ բոլշևիկը: Մոռանանք այդ արձանի խնդիրը»: