Աբխազիայի վարչապետը հրաժարական է տվել
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի վարչապետ Լեոնիդ Լակերբայան հրաժարական է տվել: Այս մասին հայտարարել է Աբխազիայի խորհրդարանի նախագահ Վալերի Բգանբան, ով ներկայումս կատարում է հանրապետության նախագահի պաշտոնակատարի գործառությները:
Վարչապետի գործառույթները ժամանակավորապես ստանձնել է փոխվարչապետ Վլադիմիր Դելբան: Աբխազիայի վարչապետի հրաժարականին ձգտում էր հասնել աբխազական ընդդիմությունը, որին աջակցեց խորհրդարանը, ով իր հերթին անվստահություն հայտնեց նրան:
Չնայած դրան՝ Լակերբայան ցայժմ հրաժարվում էր հրաժարական տալ: Այդ քայլին նա գնաց այն բանից հետո, ինչ երեկ իր հրաժարականի մասին հայտարարեց Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը: Աբխազիայում վաղաժամ նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա օգոստոսի 24-ին: