
Պուտինը հանձնարարել է պատմության դասագրքերում առանձին գլուխներ նվիրել Ղրիմին ու Սևաստոպոլին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի կառավարությանը հանձնարարել է Ռուսական պատմական ընկերության հետ ապահովել հայրենական պատմության մասին դասագրքում Ղրիմի ու Սևաստոպոլի մասին գլուխներ ներառելը:
Դրանցում խոսք կգնա Ռուսական կայսրության, ԽՍՀՄ-ի ու ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ Ղրիմի, այդ թվում նաև Սևաստոպոլի դերակատարության մասին: Պուտինին հայտնել են, որ ուկրաինական պատմության դասագրքերում գրեթե ոչ մի կերպ չի հիշատակվում թերակղզու դերակատարությունը, իսկ բազմաթիվ փաստեր էլ խեղաթյուրվել են:
Պուտինն ընդգծել է, որ ռուս պատմաբանները չեն մոռանա ո՛չ ընդհանրապես Ղրիմի մասին, ո՛չ էլ մասնավորապես Սևաստոպոլի մասին: Պուտինի հանձնարարականի կատարման համար ժամկետը լրանում է այս տարվա օգոստոսի 15-ին: