Թուրքիան երեք կարևոր քայլ է ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Ջեմիլ Չիչեք

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեին հրաժեշտ տալու արարողության ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին:

Ռիկիարդոնեն Չիչեքին հարցրել է, թե ինչու Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնում Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Ի պատասխան՝ Չիչեքը հայտարարել է.

«Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման ճանապարհին ընկած լրջագույն խոչընդոտներից մեկը երկրին ցեղասպանության մեջ մեղադրելն է: Դա լուրջ վերքեր է բացում երկկողմ հարաբերություններում:

Բացի այդ, Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է կարգավորել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները: Թուրքիան երեք կարևոր քայլ է ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորման ուղղությամբ:

Այս տարվա ապրիլի 23-ին վարչապետ Էրդողանը ցավակցական ուղերձ հղեց: Դժբախտաբար, ԱՄՆ-ը որևէ գնահատական չտվեց դրան: Ավելի վաղ Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարն այցելել են Հայաստան:

Սակայն այդ ամենն ավարտվեց անարդյունք, քանի որ հակառակ կողմը չցանկացավ ձեռնարկել որևէ հանդիպակաց քայլ: Հայաստանը դարձել է Հայկական սփյուռքի պատանդը»:

Տեսանյութեր

Լրահոս