Թուրքիայի նախագահը չպետք է հեռանա քաղաքական արենայից. Բեշիր Աթալայ
Թուրքական Haber 7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հայտարարել է, որ անհրաժեշտ է Թուրքիայի նախագահին համոզել չհեռանալ քաղաքական արենայից և նախագահական ընտրություններից հետո գլխավորել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ):
Աթալայի խոսքերով՝ Թուրքիայի նախագահ կդառնա ուժեղ անձնավորությունը, սակայն ԱԶԿ-ը նույնպես պետք է գլխավորի ուժեղ ֆիգուր: Աթալայը չի բացառել, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր թեկնածությունը կառաջադրի օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններում:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի կեսին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել էր, որ պլաններ չունի իր քաղաքական ապագայի վերաբերյալ:
Ի դեպ, 2012 թվականի աշնանը ԱԶԿ-ի մեծ կոնգրեսում կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվեց Էրդողանը, ընդ որում՝ համագումարին մասնակից 1489 պատվիրակից քվեարկությանը մասնակցել էր 1424-ը, որից 1421-ն իր քվեն տվել էր Էրդողանին, մնացյալ 3 քվեն ճանաչվել էր անվավեր: