Ծառուկյանն էլ է մերը, Փաշինյանն էլ է մերը, բոլորը մերն են. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
«Քաղաքական պաշտոնները շատ կարևոր են հանրային հատվածի համար, որովհետև վստահության համար հիմք պետք է լինի: Ես տեսնում եմ, որ հանրային աջակցությունը եղել է որոշիչ այդ պաշտոններում մարդկանց նշանակման համար, թեև եղել է նաև քննադատություն, որից զերծ չի եղել ոչ մի պաշտոնյա այս երկար ու ձիգ տարիների ընթացքում: Եթե մի խումբ մարդիկ դժգոհ են կամ իրենց քննադատության համար ուղղություններ են գտել, դա հանրային կարծիք չէ: Օրինակ՝ երեկ Նիկոլ Փաշինյանն էլ է քվեարկել, կարծում եք նա իշխանության մա՞ս է: Մի մասի կողմից ակնկալիքն այն էր, որ ոչ իշխանական պատգամավորները չպետք է մասնակցեն քվեարկությանը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խորհրդի անդամ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք երեկ ԱԺ նախագահի ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միաձայն քվեարկումը նշանակո՞ւմ է, որ նրանք իշխանության մաս են:
Դիտարկմանը, որ ոչ իշխանական ուժերը կարող էին նաև դեմ քվեարկել, Աշոտյանը հակադարձեց. «Քառյակի հայտարարությունն այն էր, որ նրանք չպետք է մասնակցեն, ժողովո´ւրդ, ծյունինգ մի արեք այն հայտարարությունը, որ ես լսել եմ շատ լավ և մի փորձեք հարմարեցնել»: Նա ողջունեց, որ ընտրություններին մասնակցել է պատգամավորների գերակշիռ մասը, իսկ այլընտրանքային ճանապարհը, ըստ նախարարի, ճիշտ ճանապարհ չէ պետականաշինության գործընթացում:
«Ե´վ ՕԵԿ-ի, և´ ԲՀԿ-ի, և´ «Ժառանգության» անդամ Ալիկ Արզումանյանի, և´ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ես շատ բարձր եմ գնահատում, որովհետև քաղաքական գործընթացները այնուհանդերձ որոշակի արժեհամակարգային շրջանակում են: Սպիկերի պաշտոնը, ԱԺ դերակատարությունը այնպիսին է, որ անկախ քաղաքական հայացքներից պատգամավորներն իրավունք ունեն չմասնակցելու, բայց քաղաքական հրամայական է` լինել պրոցեսների մաս, անգամ եթե դեմ ես այդ պրոցեսներում կայացվող որոշումներին»,- ասաց Աշոտյանը:
Հարցին, թե ի՞նչ ի նկատի ուներ Գալուստ Սահակյանը, երբ ասել էր, թե «ԲՀԿ-ն մերն է», Ա.Աշոտյանը պատասխանեց. «Վստահաբար այդ արտահայտությունը նա արել է ելնելով այն հանգամանքից, որ բոլոր քաղաքական ուժերին, անկախ իրենց քաղաքական հայացքներից, դիտում ենք մերը, որովհետև մենք էլ ենք մերը, քաղաքական դաշտի մաս ենք: Բաժանումը՝ մեր-ուրիշ, մոտիկ-հեռու, ախոյան-բարեկամ, տեղին չէ: ՀՀԿ-ն դեմ է և չի կառուցում քաղաքական պատնեշներ, խրամատներ, բարիերներ և այլն: Բոլորն էլ մերն են»:
Աշոտյանը կոչ արեց նշել որևէ ընդդիմադիրի և լսելով Գագիկ Ծառուկյանի անունը, հայտարարեց. «Ինքն էլ է մերը, Փաշինյանն էլ է մերը, Զոհրաբյանն էլ է մերը, մենք էլ իրենցն ենք: Սա ընդհանուր քաղաքական համակարգ է, որտեղ մեկն առանց մյուսի չի կարող գոյատևել և աշխատել»:
Մանրամասները՝ տեսանյութում