«Դեմ եմ»-ը չի պատրաստվում նահանջել. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Մեր զրույցում. «Դեմ եմ» շարժման անդամներից Գևորգ Գորգիսյանը ասաց, որ ծանոթ են նոր նախագծին, սակայն իրենց պահանջները շարունակում են նույնը մնալ. «Այս փոփոխությունը այն չէ, ինչ Հովիկ Աբրահամյանը խոստացել է անել։

ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվության ձևը դեռ չի փոխվել, պարտադիր կուտակային կենսաթոշակային դաշտը պահպանվում Է, այնպես որ՝ մեր պահանջները դեռ չեն կատարվել կամ շատ մասամբ են կատարվում»,– ասաց Գորգիսյանը։

Ըստ ակտիվիստի, կառավարությանը, նոր նախագիծ մշակելով, ոչ թե գնացել է զիջումների, այլ ուղղակի կատարել է ՍԴ որոշումը. «Կա հստակ ՍԴ վճիռ ու դա պետք է կատարվի բոլորի կողմից, այդ թվում՝ նաև նախագահի։ Այնպես որ՝ կառավարությունը պարտավոր է հարգել ու կատարել ՍԴ որոշումը։ Այժմ դա կատարվում է շատ թերի»։ Նա նաև նշեց, որ այն անձինք, ովքեր չեն ենթարկվում ՍԴ վճռին ու չեն կատարում վճիռը, ընդհուպ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Գորգիսյանի խոսքով, չի բացառվում, որ առաջիկայում իրենք դիմեն համապատասխան մարմիններին ՍԴ որոշմանը չենթարկվողներին պատասխանատվության կանչելու պահանջով։

Նախաձեռնության անդամներից Նարեկ Հովհաննիսյանը ասաց, որ իշխանությունները ամեն կերպ փորձում են մարել շարժումը. «Իրականում, սա շատ պարզ քայլ է։ Նոր նախագիծ Աժ բերելով փորձում են ցույց տալ, որ իրենք նահանջում են կամ ընդառաջ են գնում ժողովրդին։ Իրականում սրանով ուզում են ժամանակ շահել, իսկ շատ տեղերում էլ այդ գումարները աշխատողներից գանձում են»։ Հովհաննիսյանը վստահ էր, որ «Դեմ եմ»–ի բոլոր պահանջները չէ, որ կկատարվեն.

«Հնարավոր է, որ պահանջներից մեկ-երկուսը կատարեն, բայց ամբողջությամբ չեն անի։ Մոտ մեկ ամիս է, պահանջում ենք ՊԵԿ հաշվետվություններից հանել կենսաթոշակային վճարների դաշտը, ինչո՞ւ չի հանվում։ Կարծում եմ, որ գալը, խոստումներ տալը, նախագիծ ներկայացնելը ինչ-որ տեղ նաև դեմագոգիկ բնույթ անի։ Մեր հիմնական պահանջները դեռ չեն կատարել»։

Ըստ Նարեկի, շարժումը պետք է ավելի կտրուկ ու վճռական քայլերի անցնի, որպեսզի կարողանա հասնել վերջնական հաղթանակի. «Կարծում եմ, որ ՍԴ որոշումը թույլ է տալիս անցնել ավելի կտրուկ քայլերի։ Անհրաժեշտ է բոլորին հարգել տալ ՍԴ որոշումը։ Իհարկե, հնարավոր բոլոր ձևերով իշխանությունները կփորձեն ժամանակ շահել, նախագծեր կբերեն, կփորձեն հանդիպումներ ունենալ, բայց դա արդյունք չի տա»։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս