Արամ Կարապետյան. Հիմա Հայաստանը մերժված է բոլոր կողմերից
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով` Հայաստանը կարող է նույնիսկ աշնանը չստորագրել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու մասին պայմանագիրը, եթե, իհարկե, մինչ այդ շատ լուրջ զարգացումներ չլինեն: Այս միտքը նա հայտնեց 168.am-ի հետ զրույցում:
«Այնպես չէ, որ այնտեղ խնդիրներ չկան: Մեզ մոտ թյուր կարծիք կա, թե հենց մենք ասացինք` գնում ենք Մաքսային միություն և այլն, և այլն, դռները բացվելու են, փողերն ու տեխնոլոգիաները պատրաստ են լինելու: Այդպես չէ: Իմիջիայլոց ասեմ` Հայաստանի քաղաքական դաշտում, բացի լրագրողներից, մնացած բովանդակություններն ինտերնետային են, այնինչ գործընթացները ինտերնետում չեն, գործընթացներն իրական կյանքում են:
Հիմա Հայաստանն այսպիսի կացության մեջ է հայտնվել. Արևմուտքի հետ ունի բավական վատ հարաբերություններ, և Մաքսային միության ինտեգրումն էլ դեռ մինչև վերջ չի հասցրել: Չեմ ուզում շատ առաջ գնալ, բայց Մաքսային միության անդամակցության հարցում, բացի տնտեսականից, կան նաև քաղաքական և այլ խրթին խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն»,- նշեց Արամ Կարապետյանը:
Նրա խոսքերով` միայն Հայաստանը չէ գործընթացը ձգձգողը կամ հակառակը` արագացնողը, և հարցին պետք է նայել ավելի լայն` աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում: Ա. Կարապետյանն այս խնդիրը, մասնավորապես, կապեց Ուկրաինայի շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի առճակատման հետ` նշելով, որ ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանին ստիպում է վերանայել շատ մոտեցումներ:
Այս համատեքստում նա նշեց վաղը` ապրիլի 29-ին, Մինսկում Եվրասիական բարձրագույն տնտեսական համաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հերթական հանդիպման մասին, և կարծիք հայտնեց, որ այդ հանդիպմանը կարող են վերանայվել եվրասիական ինտեգրման հետ կապված որոշ հարցեր:
Իսկ այն փաստը, որ Մաքսային միության անդամ երկրների ղեկավարները վերջին շրջանում հանդիպում են առանց Հայաստանի ղեկավարության մասնակցության, արդյոք սա չի՞ վկայում, որ Հայաստանը դուրս է մնում այս գործընթացից: Ի պատասխան մեր հարցադրմանը`Արամ Կարապետյանն ասաց. «Խնդիրը Հայաստանի դուրս մնալը չէ, հիմա Հայաստանը մերժված է բոլոր կողմերից, և դա ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Ճիշտ եք, բայց խնդիրը միայն Մաքսային միությունը չէ, Հայաստանը, որպես աշխարհաքաղաքական խաղացող, հիմա մերժված է բոլորի կողմից: Նա ընդհանրապես ոչ մի տեղ չկա»:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարել էր, որ Հայաստանը Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին անդամակցելու մասին պայմանագիրը կստորագրի մայիսի վերջին կամ հունիսին: Չնայած սրան` մի քանի քաղաքական գործիչներ հայտարարեցին, որ թերահավատ են այս առումով: Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը մայիսի վերջին չի կարող ստորագրել այդ պայմանագիրը, քանի որ Հայաստանի նոր կառավարությունը լիարժեք լիազորություններով հաստատվելու է միայն մայիսի 28-ին, երբ արդեն անցած կլինի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ժամկետը: