Ստեփան Սաֆարյան. Հայաստանը միանաշնակորեն չի դառնալու Եվրասիական տնտեսական միության համահիմնադիր պետություն

Հայաստանը Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին անդամակցելու մասին պայմանագիրը կստորագրի մայիսի վերջին կամ հունիսին, ապրիլի 29-ին չի նախատեսվում դրա ստորագրումը: Ապրիլի 18-ին այսպիսի հայտարարություն է արել Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ հերքելով նախորդ օրը իր իսկ կողմից արած հայտարարությունը, թե Հայաստանը Մաքսային միությանը կանդամակցի ապրիլի 29-ին:

Հարցի շուրջ խառնաշփոթն ավելի մեծացրեց Էկոնոմիկայի նախարարության կողմից մեկ այլ պատասխան: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանը չի բացառել, որ Հայաստանը Մաքսային միությանը անդամակցելու փաստաթղթի փոխարեն միանգամից ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը:

«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, անդրադառնալով այս հարցին, կարծիք հայտնեց, որ Հայաստանը միանաշնակորեն չի դառնալու Եվրասիական տնտեսական միության համահիմնադիր պետություն. «Ըստ էության` Հայաստանը պատրաստ չէ միանալ այն մաքսային ռեժիմին, որը գործելու է Եվրասիական միության տարածքում: Եվ դրա ապացույցն այն է, որ Հայաստանն այս 6 ամիսների ընթացքում նույնիսկ չկարողացավ ընդունել այդ որոշումը` Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: Այսինքն` հիմնական խնդիրը մաքսային ռեժիմի մեջ է, որին չեն կարողանում Հայաստանին միացնել»:

Ըստ Սաֆարյանի` Հայաստանը մայիսի վերջին չի կարող ստորագրել այդ պայմանագիրը, քանի որ Հայաստանի նոր կառավարությունը լիարժեք լիազորություններով հաստատվելու է միայն մայիսի 28-ին, երբ արդեն անցած կլինի Մասային միությանը Հայաստանի անդամակցության ժամկետը, իսկ եռյակը` Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը, ստորագրած կլինեն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը:

Կարդացեք նաև

«Կարծում եմ` այդ զարգացումները բարենպաստ էին: Մաքսային միության հետ կապված ժամկետներն ակնհայտորեն անցան. եթե Ռուսաստանին, Ղազախստանին և Բելառուսին հաջողվի ստորագրել Եվրասիական միության պայմանագիրը, դա ստորագրվելու է եռյակի, և ոչ թե Հայաստանի կողմից: Այսինքն` եթե քննարկվի Հայաստանի միացման խնդիր, այնուամենայնիվ, դա կլինի աշնանը»,- կարծիք հայտնեց Ս. Սաֆարյանը:

Նրա ավելացրեց` «և´-և´»-ի քաղաքականության կտրուկ տապալումը չի բխում պաշտոնական Երևանի շահերից, իսկ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը սպառնում էր դրան:

Նշված ասուլիսում Էկոնոմիկայի նախարարը խոսել էր նաև 900 ապրանքախմբերի խնդրի մասին, որոնց մեջ ընդգրկված են, օրինակ, ավտոմեքենաները, մսամթերքը, դեղորայքը, շինարարական նյութերը և այլ ապրանքներ: Նա նշել էր, որ վարվող բանակցությունների ավարտին կորոշվեն այն ապրանքատեսակները, որոնց մասով Հայաստանը ցանկանում է մաքսային արտոնություններ ստանալ: «Բառացությունների համար ներկայացված են շուրջ 900 ապրանքախմբեր, դրանց մեջ են ինչպես սպառման ապրանքներ, այնպես էլ միջանկյալ ապրանքներ»,- ասել էր Ավանեսյանը:

Խոսելով այս խնդրի շուրջ` Ս. Սաֆարյանը նշեց. «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը նշանակում է Հայաստանի տնտեսությունը տանել կոլափսի, որովհետև 900 ապրանքատեսակներ թանկանալու են, այսինքն` կյանքը Հայաստանում թանկանալու` առանց որևէ փոխհատուցման: Ուստի, ես վստահ էի, որ ոչ միայն ինքը Մաքսային միությունը պատրաստ չէ Հայաստանի հետ խնդիրները լուծել… Վերջին ամիսներին Ռուսաստանն էլ ցույց տվեց` որքան էլ խոստացել է Հայաստանի համար անցումային շրջանում ապահովել «անվտանգության բարձիկներ», այնուամենայնիվ, նա ի վիճակի չէ դա անելու: Եվ Հայաստանն էլ ավելի առաջ չի շարժվի, որովհետև դա վտանգավոր է թե´ Հայաստանի հասարակության, թե´ նաև Սերժ Սարգսյանի իշխանության համար:

Հետևաբար, այս ֆոնին ես սպասում էի, որ թե´ Հայաստանը, թե´ Ռուսաստանը, թե´ Մաքսային միությունը ուղղակի չէին կարող ապրիլի 29-ին ստորագրել պայմանագիրը, որովհետև խնդիրներն այնքան բարդ էին, որ Սերժ Սարգսյանը չէր կարող դրանք լուծել մեկ օրվա մեջ: Միանգամայն սպասելի էր, որ Մաքսային միության որոշումը հետաձգվեց, դրան էլ գումարած` Հայաստանի ներքին վիճակը, որը, ինչպես նշել եմ, ուղղակի կապ ունի այդ հարցի հետ»,- նշեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս