«Հովիկ Աբրահամյանը միշտ էլ միավորիչ է եղել, նա երբեք պառակտող չի եղել»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը շատ դրական է գնահատում երեկ Հովիկ Աբրահամյանի` ԱԺ ոչ իշխանակակ ուժերի` հրաշալի քառյակի, դռնփակ նիստին մասնակցելու փաստին: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ չի կիսում այն տեսակետը, թե Հովիկ Աբրահամյանը կարող է պառակտել քառյակը. «Ես ինչքան գիտեմ Հովիկ Աբրահամյանը միշտ էլ միավորիչ է եղել, նա երբեք պառակտող չի եղել: Ինչ վերաբերում է «պառակտում» բառին, չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանը երբևիցէ նման քայլի գնա»:
Հ. Հարությունյանի կարծիքով, կարծես թե, նոր մշակույթ է ձևավորվում, և վարչապետը ոչ թե բավարարվում է միայն տնտեսական քաղաքականությամբ, այլ նաև քաղաքական ակտիվ գործընթացներին է մասնակցում. «Ցանկացած այդպիսի քայլ ես ողջունում եմ: Ի վերջո, վարչապետը պետք է միայն հրապարակի շենքով չբավարարվի, այլ պետք է ակտիվ մասնակցի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքին»:
Անդրադառնալով հակառակ տեսակետներին, թե Հովիկ Աբրհամյանը ոչ թե կպառակտի քառյակը, այլ կարող է միանալ ոչ իշխանական ուժերին`քառյակը հնգյակ դարձնելով, ապա Հ. Հարությունյանն ասաց, թե իր կարծիքով նման ենթադրություններ կարող են արտահայտել միայն անլուրջ մարդիկ, որովհետև դա ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: