Քոչարյան-Սերժ Սարգսյան կոալիցիան կամաց ուրվագծվում է. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. «Տիգրան Սարգսյանի պաշտոնազրկումից հետո Սերժ Սարգսյանը լծվեց իր ու նախորդի՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հարաբերությունների կարգավորման գործին, ինչն ակնհայտորեն կարելի է գնահատել որպես ԲՀԿ-ՀՅԴ զույգի և իրենց գաղափարական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հաղթանակ:
Ոչ իշխանական կուսակցությունները, փաստորեն, նախարարական պորտֆելներից հրաժարվելով, ընդամենը ընդդիմադիրի իմիջի պահպանման իմիտացիա ստեղծեցին և թելադրեցին իրենց կամքը: Իսկ Սերժ Սարգսյանը, որն իր նախագահության ընթացքում այդպես էլ ի վիճակի չեղավ ժողովրդի, երկրի, պետության շահերին ուղղված քայլեր անելու, սկսեց զիջումներ անել այս ուժերին:
Այս օրերին ժողովրդի հիասթափությունն ու խորշանքը պետության, իշխանության հանդեպ ավելի են խորանում, և հուսահատ մարդիկ այլ ելք չեն տեսնում, քան օր առաջ երկրից արտագաղթելը: Հուսահատությունը հատկապես սկսել է խորանալ նոր կառավարության նշանակումներին զուգընթաց:
Դատելով կառավարության կազմի ընտրությունից՝ կարելի է ենթադրել, որ Քոչարյան-Սարգսյան այդքան չարչրկված «հակասությունները» կարգավորման փուլ են մտել, և հակասություններ եթե անգամ կան, ապա դրանք մի նպատակ ունեն. բարեհաջող ապահովել իշխանության հանձնումը «յուրայիններին»:
Վերանշանակված բոլոր նախարարները Ռոբերտ Քոչարյանի համար ընդունելի անձինք են, իսկ վերջին նշանակումը լրացրեց այդ ներկապնակը՝ առողջապահության նախարարը Ռ. Քոչարյանի դստեր կնքահայրն է: Քոչարյանի թիմից են նաև էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, բնապահպանության նախարար, առկախված դաշնակցական Արամայիս Գրիգորյանը, ինչպես նաև Երևանի ճարտարապետությունը խեղած Նարեկ Սարգսյանը: Հին ու նոր քոչարյանականների հրամանները խոսում են այն մասին, որ ոչ թե քաղաքական ուժերի, այլ Քոչարյան-Սարգսյան կոալիցիա է ձևավորվում մեր երկրում: Այս ֆոնին միանգամայն հասկանալի է դառնում նաև Արթուր Բաղդասարյանի հեռացումը, ով բացարձակապես ընդունելի անձ չէր ՀՀ 2-րդ նախագահի համար:
Մեր տեղեկություններով, վերջին նշանակումները հատկապես հանրապետականների վրդովմունքն են առաջացրել, բայց նրանք ոչ մի կերպ դա ցույց չեն տալիս, ավելին՝ ջանք չեն խնայում ապացուցելու, որ այստեղ թիմային տարանջատում չկա, բոլորն էլ հանրապետականներ են:
Նկատենք, որ նոր ձևավորվող կառավարության կազմը ԲՀԿ-ի շաղակրատ պատգամավորներին լռեցրել է, նրանք այս օրերին պապանձվել են, քանի որ «խնամի» Հովիկ Արգամիչին ու մյուս թիմակիցներին գործադիր բերելու թեման անքննելի է, իսկ այս մասով դեմագոգիան՝ անհնար, քանի որ՝ կամ լավը, կամ ոչինչ, իսկ ամեն ասված լավ խոսքը կբերի վերջին շրջանում միլիարդների գնով ձեռք բերված ընդդիմադիր վարկանիշի կտրուկ անկման»:
Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։