Ով է բռնելու Ռուսաստանի ձեռքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Անվիճելի է որ այսօր Հայաստանի գլխավոր հիմնախնդիրն օրեցօր ահագնացող արտագաղթն է։ Հետևանքները տեսանելի էին անգամ Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ մարդկանց շարքերը նկատելիորեն ավելի նոսր էին նախորդ տարիների համեմատ։
Արտագաղթը խթանող հայաստանյան պատճառները իբրև թե քիչ էին, հիմա էլ ՌԴ-ն է իր միգրացիոն օրենքներով «կրակի վրա բենզին ավելացնում»՝ նպաստելով արտագաղթի խորացմանը Ռուսաստանը, նախկին ԽՍՀՄ տարածքում ծնված, ոուսաց լեզվին լավ տիրապետող անձանց իրենց երկրների քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում երեք ամսում տալիս Է ՌԴ անձնագիր ստանալու հնարավորություն։
Եվ եթե նախկին վարչապետի բնորոշմամբ՝ նախկինում գնում էին «հեղափոխական զանգվածները», հիմա արդեն գնում են բոլոր նրանք, ովքեր կարողանում են ճանապարհածախս հայթայթել։ Հասկանալի է, որ ՌԴ ի միգրացիոն նոր օրենքը «կանաչ լույս» վառելով արտագաղթողների համար, նրանց հնարավորություն է տալիս արտագնա աշխատանքի հաշվին պահել իրենց ընտանիքները։
Բայց, շատ կարևոր մի հանգամանք, պարզից էլ պարզ է, որ մեր ռազմավարական դաշնակիցը ոչ թե մեր հայրենակիցների, այլ իր սեփական շահերն է առաջ տանում, ինչի համար պատրաստ է անցնել բոլորի ու ամեն ինչի վրայով, անգամ դարավոր բարեկամների։ Ընդամենը մնում է հայաստանյան իշխանություններին սթափվել, և մարդկանց իրենց հողում ապրելու համար միջոցներ ձեռք առնել, այլապես, ոսոխի դարավոր երազանքը՝ «Հայաստանն առանց հայերի», կդառնա իրականություն»։
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։