
«Սեքյուրիթի դրիմը» աշխատում է վնասո՞վ. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Նախօրեին ԱԺ-ում մեր թղթակիցը հարցազրույց է արել «Սեքյուրիթի դրիմի» սեփականատեր Ալեքսան Զաքարյանի հետ: Վերջինս հերքել է լուրերն այն մասին, թե Ս. Սարգսյանի եղբայր Ա. Սարգսյանը կապ ունի իրենց ընկերության հետ:
Երեկ խմբագիրը լրագրողին խնդրել է նորից զանգել Ալեքսան Զաքարյանին և հարցնել, թե արդյո՞ք նա անձամբ ճանաչում է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին և երբ է վերջին անգամ նրա հետ հանդիպել:
Զաքարյանի ընտանիքի անդամները, սակայն, թղթակցին տեղեկացրել են, որ նա երկու օրով մեկնել է հանրապետությունից: Մեր թղթակցին չի հաջողվել պարզել, թե արդյոք Զաքարյանը Սերժ Սարգսյանի հետ է մեկնել, ով, հիշեցնենք, երեկ երկօրյա այցով մեկնեց Չեխիա: «Սեքյուրիթի դրիմը» այն ընկերությունն է, որ տեսախցիկների և արագաչափերի միջոցով տուգանքներ է գրում վարորդների վրա:
2013 թվականի ընթացքում «Սեքյուրիթի դրիմի» սարքավորումների միջոցով երթևեկության կանոնների մոտ 800 հազար խախտումներ են արձանագրվել: Այդ խախտումների համար վարորդները տուգանվել են շուրջ 9 միլիարդ դրամով, իսկ Ալեքսան Զաքարյանը պնդում է, թե իրենց ընկերությունն աշխատում է վնասով: Սա Զաքարյանի արած միակ զարմանալի հայտարարությունը չէ»:
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։