Վաչոյի տղան Հ.Տ. Հայկոյին է ծեծել. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. «Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ նախօրեին ուշ երեկոյան «90’s» ակումբում, որը գտնվում է Բրյուսովի անվան համալսարանի մոտ, ծեծկռտուք ու վիճաբանություն է տեղի ունեցել։ Ակումբը պատկանում է հայտնի ռեփեր Հայկ Մարգարյանին (Հ.Տ Հայկո)։ Ծեծկռտուքը հրահրողը եղել է նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոյի որդին՝ Մհերն իր ընկերների հետ։
Նրան, ըստ ականատեսների, ֆեյսկոնտրոլ իրականացնողներն ակումբ չեն թողել, ինչն այնքան է վրդովվեցրել վերջինիս, որ ծեծի է ենթարկել ակումբի տիրոջը՝ երգիչ Հայկին։
Կռիվն այնքան թեժ է եղել, որ թաղի բնակչությունը մասնակից է դարձել դրան։ Հրավիրվել են ոստիկանության աշխատակիցներ, որոնք, որոշ լուրերով, ոչինչ չանելով հեռացել են, իսկ որոշ լուրերով՝ իրենք էլ են ծեծի ենթարկվել։ Ի դեպ, դեպքի վայրը կարևոր է նրանով, որ մոտակայքում է ապրում նաև ոստիկանապետ Վովա Գասպարյանը։
Մենք կապվեցինք նաև Հայկի հետ՝ պարզելու, թե ինչն ինչպես է եղել։ Նա շատ անտրամադիր էր ու ընկճված, խոսելիս անընդհատ հազում էր, սակայն, ինչպես և սպասում էինք, լսելով հարցը, բոլորովին չզարմացավ, բայց հերքեց լուրը. «Ես տարածքում չեմ եղել, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը»։
– Իսկ ումի՞ց կարող ենք ճշտել, թե ինչ է եղել։ Ակումբը մենեջեր ունի՞, որ զանգենք, կկարողանա՞ մեր հարցերին պատասխանել։
– Չգիտեմ, ես կճշտեմ ինչն ինչոց ա, եթե ինչ-որ բան կատարվել ա, Ձեզ տեղյակ կպահեմ։ Եթե ինչ-որ բան ճշտվի, կասեմ դրա մասին։
– Հայկ, կարո՞ղ է Դուք վատառողջ եք։ Ձեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է։
– Չէ, ուղղակի քնած էի, նոր եմ զարթնել։
– Իսկ երբ նման դեպքեր են լինում, ակումբից Ձեզ տեղյակ պահո՞ւմ են։ Մենք ճշգրիտ ինֆորմացիա ունենք դեպքի մասին։
– Դե հենց էդ ա էլի, պիտի տեղյակ լինեի, եթե տենց բան եղած լիներ։ Ամեն դեպքում, մի հատ էլ կճշտեմ, հասկանամ՝ ինչ ա եղել, որ կարող ա իրոք եղել ա, կամ եղել ա՝ ուրիշ բան ա եղել։ Բայց, ամեն դեպքում, եթե փաստեր կան, էդ արդեն ուրիշ բան ա փոխում, էլի»։
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։