Բաժիններ՝

Դաստիարակության 7 սխալ, որոնք խանգարում են երեխաներին հաջողության հասնել

Լիդերության հարցերով փորձագետ, հոգեբանական բեսթսելերների հեղինակ Թիմ Էլմորն իր ուսումնասիրությունների արդյունքում առանձնացրել է ծնողների հիմնական սխալները, որոնք ի սկզբանե երեխաների մոտ անվստահություն են սերմանում եւ սահմանափակում նրանց հաջող կարիերայի եւ անձնական կյանքի կառուցման հնարավորությունները: Այսպիսով, որո՞նք են ծնողների ամենատարածված սխալները.

Թույլ չեն տալիս երեխաներին ռիսկի գնալ

Պետք չէ ամեն կերպ հոգալ, որպեսզի երեխաները զերծ մնան բոլոր տեսակի ռիսկերից: Եվրոպացի հոգեբանները նկատել են, որ երբ երեխաները չեն խաղում բակում հասակակիցների հետ, վայր չեն ընկնում ու վեր կենում, հասուն կյանքում հաճախ են տառապում տարբեր ֆոբիաներից: Դեռահասները եւս պետք է վիճեն, զգան առաջին սիրո ուրախությունն ու դառնությունը` էմոցիոնալ հասունության համար: Երեխաների կյանքից բացառելով ռիսկը` ծնողները նրանց մոտ առաջացնում են մեծամտություն, ամբարտավանություն, հետագայում` ցածր ինքնագնահատական:

Չափազանց արագ են օգնության հասնում

Երբ ծնողները չափազանց արագ են օգնության նետվում, երեխաներին զրկում են բարդ իրավիճակներից ինքնուրույն ելք փնտրելու եւ գտնելու հնարավորությունից: Վաղ թե ուշ երեխաները սովորում են, որ իրենց մշտապես «կփրկեն», ինչը կարող է իրական` հասուն կյանքին չհարմարվելու ռիսկ առաջացնել:

Ամեն առիթով հիանում են երեխաներով

Երեխայի ամեն քայլով հիանալը կարող է այլ խնդիր առաջացնել. որոշ ժամանակ անց երեխան կնկատի, որ միակ անձինք, ովքեր իրեն իսկապես հրաշալի են համարում, իր մայրն ու հայրն են, իսկ մնացածն ամենեւին էլ այդպես չեն կարծում: Եւ այդ ժամանակ նա կարող է կասկածի ենթարկել իր ծնողների օբյեկտիվությունը: Այդպիսի երեխան ժամանակի հետ կսկսի չափազանցնել եւ ստել` ոչ հաճելի իրականությունից խուսափելու համար:

Թույլ են տալիս, որ մեղքի զգացողությունը ստվերի լավ վարքագիծը

Պարտադիր չէ, որ երեխան ձեզ սիրի մշտապես: Երեխաներին հարկավոր է ասել նաեւ «ոչ» եւ «ոչ հիմա», որպեսզի նրանք սովորեն պայքարել իրենց ցանկությունների եւ պահանջմունքների համար: Եթե ընտանիքում մի քանի երեխա կա, ծնողները անարդար են համարում սովորաբար մեկին ուշադրություն դարձնել եւ նվեր գնել, մյուսներին` ոչ: Նման գործողություններով մենք բաց ենք թողնում հնարավորությունը երեխաներին ցույց տալու, որ հաջողությունը կախված է նրանց անձնական ջանքերից եւ արարքներից:

Չեն կիսվում սեփական անցյալի սխալներով

Կգա ժամանակը, երբ արդեն դեռահաս դարձած երեխան կփորձի սեփական ճանապարհով գնալ: Մեծերը պետք է թույլ տան դա, սակայն չի նշանակում, որ մենք երեխաներին չենք օգնելու ճիշտ կողմնորոշվել: Պետք է երեխաների հետ կիսվել սեփական փորձով, ներկայացնել սխալները, որոնք կատարել ենք նրանց տարիքում: Երեխաները պետք է պատրաստ լինեն անհաջողությունների հետ հանդիպմանը եւ կարողանան պատասխան տալ իրենց որոշումների հետեւանքների համար:

Ինտելեկտն ու օժտվածությունը շփոթում են հասունության հետ

Երեխայի ինտելեկտը հաճախ են շփոթում հասունության հետ եւ համարում, որ խելացի երեխան պատրաստ է իրական կյանքին: Դա ամենեւին էլ այդպես չէ:

Իրենք չեն անում այն, ինչ սովորեցնում են երեխաներին

Հենց ծնողներն են ընտանիքի լիդերները եւ պետք է հետեւեն իրենց իսկ քայլերին ու արարքներին, որովհետեւ դրանք առաջին հերթին օրինակ են երեխաների համար: Շրջապատը փորձեք դարձնել ավելի լավը, եւ ձեր երեխաներն էլ կանեն նույնը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս