Գորիսի համայնքապետը համառորեն խախտում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, 2014թ. մարտի 7-ին, առաջնորդվելով ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, տեղեկության հարցում էր հղել Գորիսի համայնքապետ Նելսոն Ոսկանյանին, խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 2013 թվականին Գորիսի քաղաքապետարանի համար ավտոմեքենա ձեռք բերելու վերաբերյալ Գորիսի ավագանու կայացրած համապատասխան որոշման պատճենը եւ ավագանու այդ նիստի արձանագրության պատճենը, վերջին յոթ տարիների ընթացքում Գորիսի քաղաքապետարանը քանի՞ մեքենա է ձեռք բերել, ի՞նչ մակնիշի մեքենաներ են եւ ի՞նչ նպատակով են օգտագործվում, ավտոմեքենաները ձեռք բերելու վերաբերյալ Գորիսի ավագանու կայացրած համապատասխան որոշումների պատճենները, համայնքապետի նախորդ ծառայողական ավտոմեքենան տեխնիկապես ի՞նչ վիճակում է գտնվում, ե՞րբ է այն գնվել, ի՞նչ գնով, ի՞նչ մոդելի եւ ո՞ր թվականի արտադրության է այն: Գնման ի՞նչ ընթացակարգով է ձեռք բերվել մեքենան: Խնդրվել էր տրամադրել նաեւ այդ մեքենայի գնման փաստաթղթերի կրկնօրինակները:
Այդ հարցումը, ըստ վերադարձած ծանուցագրի վրա եղած ամսաթվի եւ ստորագրության, Գորիսի քաղաքապետարան է մուտքագրվել մարտի 12-ին:
Հարցմանը, օրենքով սահմանված ժամկետում պատշաճ պատասխան չստանալով, ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը մարտի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Հայրապետյանի հետ, հիշեցնելով նրան վերոհիշյալ հարցումը, տեղեկության հարցման պատասխանելու համար օրենքով սահմանված ժամկետները: Վերջինս բացատրել է, թե հարցումն իսկապես ստացվել է ու հանձնարարվել է ֆինբաժնին` պատասխան նախապատրաստել:
Գորիսի համայնքապետարանում հիշյալ հարցումն ստանալուց հետո արդեն անցել է 40 օր, իսկ հարցման որեւէ պատասխան դեռ չի ստացվել: Այսպիսով, Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը` տեղեկություն հարցնողին տեղեկությունը տրամադրվում է գրավոր հարցումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում:
Մինչեւ 2014 թ. ապրիլի 30-ը խնդրո առարկա հարցման պատշաճ պատասխանը չստանալու դեպքում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը իր իրավունքի վերականգնման համար կդիմի դատարան:
Ժուռնալիսների «Ասպարեզ» ակումբ