Տարվա կեսը ընդդիմություն են լինում, հետո նորից՝ իշխանություն. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Օրինաց երկրի»՝ կոալիցիայից դուրս գալը, պարզվում է, ՀՀԿ-ում թեթև չեն տանում, թեպետ փորձում են ցույց տալ, որ այդպես չէ։ Հանրապետականներից այս էլ որերորդ պատգամավորն է՝ խոստովանում է, որ, ամեն դեպքում, լավ բան չի եղել։ ՀՀԿ-ի հին դեմքերից Համլետ Հարությունյանը, ով նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորներից է, այս կապակցությամբ իր տեսակետն ունի։
– Կարծիք կա, որ ՀՀԿ-ն, միայնակ մնալով, առաջիկա ընտրություններում վարկանիշի անկում կարձանագրի։

– Եթե խոսքը 2017 թվականի ընտրությունների մասին է, ապա մինչև 2017 թվականը դեռ ահագին ջրեր կհոսեն։ Ես էսօր չեմ կարող կանխատեսել այդ թվականի դեպքերը։

– Թեպետ ՕԵԿ-ականները բացատրեցին, թե ինչու են հեռանում, հետաքրքիր է՝ ըստ Ձեզ, ինչո՞ւ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից։

– Ես բավարարված եմ նրանց բացատրությամբ և չեմ կարող նոր բան ասել։ Իսկ ավելի մանրամասն կասի իրենց կուսակցության նախագահն ապրիլի 25-ի իր ելույթում։

– Իսկ ՀՀԿ-ում ծանր չե՞ն տանում այդ փաստը։

– Ծանր ասելով, ինչ ա, մա՞րդ ա մահացել, թե՞ ինչ ա եղել, որ ծանր տանենք։ Դժբախտություն չի պատահել, որ ՀՀԿ-ում ծանր տանենք։ Շատ սովորական գործընթացներ են, ես անկեղծ եմ Ձեզ ասում, որևիցե մի էսպես ծանր տանելու պրոցեսներ չեմ նկատել, հիասթափություններ կարող ա լինեն մեր առանձին կուսակցական ընկերների մոտ, և դա սովորական բան է։ Մենք երկար ժամանակ իրար հետ ճանապարհ ենք անցել, իհարկե, լավ չէր էդ ամեն ինչը։ Եթե ես ասեմ՝ շատ լավ բան է եղել, սխալ կլինեմ։

– Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ՕԵԿ-ին ընդդիմադիր դաշտում արդեն ձեզ քննադատելիս։ Այդ փաստն ինչպե՞ս կընդունեք։

– Դե, եթե ընդդիմություն են, բնականաբար, պիտի քննադատեն։

– Իսկ դա չի՞ նշանակում, որ մեր երկրում իշխանություն-ընդդիմություն լինելը ձևական բնույթ է կրում. երեկ իշխանություն էին, պաշտպանում էին ձեզ, այսօր դարձան ընդդիմություն, արդեն քննադատում են։ Անսկզբունքայնության խնդիր չկա՞ այստեղ։

– Քաղաքականության մեջ սկզբունքայնությունն էդպես նորմ չէ, քաղաքական սկզբունքայնությունը… դժվար է պահել, էլի։ Եթե ընդդիմություն է, բնականաբար, նա պետք է իշխանություններին քննադատի՝ անկախ նրանից, թե ինքը երբ է… ՀԱԿ-ն իշխանության մեջ չի՞ եղել. հիմա եկել մեզ քննադատում է։ Բոլոր կուսակցություններն էլ, ովքեր մեզ հետ կոալիցիայում են եղել՝ Դաշնակցությունը, ԲՀԿ-ն, բոլորն էլ մեզ քննադատում են այսօր։ Ու հիմա նրանց թիվը մեկով էլ ավելացավ… ընդամենը։

– Փաստորեն, ստացվում է, որ ընդդիմություն-իշխանություն խաղերի արանքում ժողովրդի շահն է անտեսվում։

– Պրակտիկան ցույց տվեց, որ այս տարիների ընթացքում միայն Հանրապետական կուսակցությունը մնաց հավատարիմ իր սկզբունքներին, ինչքանով էր լավ կամ վատ, էդ արդեն ժողովուրդը գիտի, բայց մնաց իր սկզբունքների դիրքերում. պետք է ճշմարտությունն ընդունենք։ Մնացածները տարվա կեսը ընդդիմություն են լինում, հետո նորից իշխանություն են լինում, էդ արդեն ժողովուրդը պետք է իր գնահատականը տա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս