Ի՞նչ է 1999 թվականից գրված ՀՀԿ-ականների ճակատին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը զրուցել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված այդ հարցազրույցից.
– Պարոն Սահակյան, փաստորեն «Բարգավաճ Հայաստան» եւ Դաշնակցություն կուսակցությունների հետ Սերժ Սարգսյանի խորհրդակցություններն արդյունք չտվեցին: Այդ երկու կուսակցություններն էլ հայտարարում են, որ կոալիցիա չեն մտնում: Իսկ ձեր վաղեմի գործընկեր «Օրինաց երկիր» կուսակցությունն էլ հայտարարեց, որ նպատակահարմար չի համարում ՀՀԿ-ի հետ շարունակել կոալիցիոն համագործակցությունը: Եվ քաղաքական դաշտում ՀՀԿ-ն մնաց մենակ:
– Մենք արդյունավետ ենք համարում խորհրդակցությունները, քանի որ առաջին անգամ քաղաքական դաշտում բոլոր կուսակցություններն էլ շատ կոռեկտ հայտարարություններով հանդես եկան: Քաղաքական համաձայնությունների շրջանակը դրանով չի ավարտվում: Մենք քաղաքական մեծամասնություն ենք: Եվ ողջ աշխարհում ընդունված է դասական ձեւը, որ եթե մեծամասնություն ես, ուրեմն դու էլ ամբողջական պատասխանատվություն ես կրում: Մենակության խնդիր չկա:
– ՕԵԿ-ը ցանկանում էր, որ վարչապետ նշանակվի իրենց առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Հակառակ դեպքում նրանք հայտարարում էին, թե ցանկալի կլիներ, որ ՀՀ նոր վարչապետը լինի գրագետ եւ կրթված գործիչ: Կարելի՞ է եզրակացնել, որ ՕԵԿ-ը նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին գրագետ չի համարում, այդ պատճառով էլ չի ցանկանում մնալ կոալիցիայում եւ պաշտպանել նրան:
– Քավ լիցի, մարդկությունն առայժմ գրագիտության սարքավորումներ չի ստեղծել, եւ տեսակետները կարող են բազմազան լինել: Մի առիթով ասել եմ եւ այսօր էլ եմ ասում՝ նրանք, ովքեր մեզ հետ ճանապարհ են անցել, մենք շատ զուսպ ենք հակադարձումների մեջ: Առաջին պահերն են, կարող է որոշակի խաթարված մտքեր, ըմբռնումներ լինեն, մենք չենք պատրաստվում բամբասանքի ճանապարհով առաջ գնալ:
Երբ կլինի նաեւ ՕԵԿ-ի ռազմավարությունը, այդ ժամանակ մենք գնահատականներ կտանք: Իսկ մեր ճակատին 1999 թվականից սկսված գրված է, որ կոալիցիան կազմավորվում է, անդամները կարողանում են լծակներ ունենալ, դրանով ամբողջացնել, ուժեղացնել իրենց կուսակցությունները, իսկ հետո ամբողջ փոշին թողնում են Հանրապետական կուսակցության վրա:
Լավագույն գործերը մեկ-մեկ մատնանշում եւ ներկայացնում են իրենցը՝ չմտածելով, որ, վերջին հաշվով, եթե լինում են ցանկացած կշռելի գործընթացներ, դրա կարեւոր դերակատարը մնում է Հանրապետականը։
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։