Հայաստանը ՄՄ-ին միանալու փաստաթուղթը կստորագրի ապրիլի 29-ին (տեսանյութ). «Ազատություն»
Ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանը ստորագրելու է Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը:
Ավանեսյանը միաժամանակ տեղեկացրել է, որ դեռևս ավարտված չեն բացառությունների վերաբերյալ բանակցությունները:
Ռուսաստանի մաքսային օրենսգրքի հիման վրա ձևավորված Մաքսային միությունում ապրանքների մոտ 60 տոկոսի դեպքում մաքսատուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում: Միության մաքսային օրենսգրքում ներառված է 11 553 տող ապրանք: Բռնելով Մաքսային միությանը անդամակցելու ճանապարհը՝ պաշտոնական Երևանը բանակցություններ սկսեց մոտ 900-ի շուրջ բացառություններ ստանալու նպատակով, որպեսզի այդ ապրանքների մաքսազերծումը շարունակվի Հայաստանում գոյություն ունեցող ավելի ցածր դրույքաչափերով:
Հարցին՝ եթե բանակցությունները դեռևս ավարտված չեն ու, բնականաբար, հայտնի չէ՝ ինչպես կավարտվեն, ինչո՞ւ է այս պայմաններում Հայաստանի ղեկավարությունը հայտարարում, թե ապրիլի 29-ին միևնույն է ստորագրելու է Մաքսային միությանը միանալու փաստաթուղթը, փաստորեն Հայաստանը անդամակցելու է այդ միությանը՝ վերջնականապես չհստակեցնելով իր անդամակցության պայմանները, Վ. Ավանեսյանը պատասխանել է.
«Դա այդպես չէ, մենք հիմա բանակցում ենք թեմայի շուրջ և, բնականաբար, ստորագրության ժամկետը որոշված է՝ ամսի 29-ին, բայց ամսի 28-ին վերջնական բանակցությունների արդյունքը կլինի։ Էսօրվա վիճակով մենք չենք կարող ասել՝ բանակցությունները կավարտվեն ամբողջովին, թե՝ ոչ, բայց հույս ունենք, որ կավարտվեն։ Դա նորմալ պրակտիկա է, զարմանալի բան չկա դրա մեջ: Ցանկացած բանակցության դեպքում ստորագրման օր է լինում և բանակցությունների ավարտի օր է լինում»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: