ՌԴ հատուկ ծառայություններն Ուկրաինայի արևելքի անջատողականներին հրահանգել են սպանել 100-200 մարդու
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը որսացել է Ուկրաինայի արևելքում գործող անջատողականների հետ ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցների բանակցությունները:
Դրանց ընթացքում ռուսական հատուկ ծառայությունները նրանց առաջադրանք են տվել սպանելու 100-200 մարդու, որպեսզի հող նախապատրաստեն ռուսական զորքերի առաջխաղացման համար:
Այս մասին այսօր Կիևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի ղեկավարներից Վիտալի Նայդան:
Նա ընդգծել է, որ այդ բանակցությունները վկայում են, որ իրեն եղբայրական հռչակած երկիրը (Ռուսաստան) խոսում է ուկրաինացիների արյունը թափելու, 100-200 մարդ սպանելու անհրաժեշտության մասին, որպեսզի մեկուկես ժամ անց Ուկրաինայի տարածք մուտք գործեն ռուսական տանկերն ու զրահամեքենաները: