
Ուկրաինայի խորհրդարանը մշակել է երկրի արևելքում տիրող իրավիճակի կարգավորման պլան. Կլիչկո

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի Գերագույն ռադան ուժային կառույցների ղեկավարների հետ մշակել է երկրի արևելքում տիրող իրավիճակի կարգավորման պլան:
Կլիչկոյի խոսքերով՝ ակնհայտ է, որ արևելքի դեպքերը նախաձեռնել է Ռուսաստանը. «Մենք մշակել ենք պլան, որն իրագործելու ենք քայլ առ քայլ: Այսօր շատ կարևոր է արևելյան շրջանների մարդկանց հետ շփվելը և նրանց ճշմարիտ տեղեկատվություն հասցնելը, թե իրականում ինչ է տեղի ունենում:
Ռուսական լրատվամիջոցները ակնհայտ կեղծ տեղեկատվություն են տարածում, քարոզչություն են իրականացնում: Մարդկանց մի մասը տուրք է տվել անջատողական տրամադրություններին՝ ենթարկվելով ռուսական հեռուստաալիքների ազդեցությանը»:
Կլիչկոն հույս է հայտնել, որ արտակարգ դրություն չի մտցվի երկրում: Դրա հետ մեկտեղ նա չի բացառել, որ եթե իրավիճակը չփոխվի մոտ ժամանակներս, ապա Գերագույն ռադան կարող է դիտարկել արտակարգ դրություն մտցնելու հարցը: