Բաժիններ՝

Վեց հազար եվրո տուգանք՝ քաղաքացու ազատության իրավունքը խախտելու համար. «Ազատություն»

Եվրադատարանը տուգանել է Հայաստանի Հանրապետությանը։ Քաղաքացի Վարդան Մինասյանի ազատության և անձեռնմխելիության իրավունքը խախտելու համար պետբյուջեից նրան որպես փոխհատուցում պետք է վճարվի 6000 եվրո։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ 2007-ի դեկտեմբերին Կոտայքի մարզում սպանության ելքով փոխհրաձգությունից հետո կալանավորված Մինասյանին կալանքի տակ պահելու ընթացքում թույլ են տրվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումներ։

Ինչպես «Ազատության» հետ զրույցում պարզաբանել է Մինասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը, նախաքննության ավարտին նա որոշ ժամանակ անհիմն պահվել է բանտում առանց դատարանի որոշման, Վերաքննիչը հրաժարվել է իրենց բողոքը քննել, Վճռաբեկը վարույթ ընդունել է, արձանագրել է, որ խնդիր գոյություն ունի, բայց՝ բողոքը մերժել է։

«Եթե Վճռաբեկ դատարանը իրականում լիներ ավելի հետևողական և այս գործով ճանաչեր Վարդան Մինասյանի իրավունքների խախտումը, ապա մենք անհրաժեշտություն չէինք ունենա դիմելու Եվրոպական դատարան, որպեսզի այն ճանաչեր այդ խախտումը։ Վճռաբեկ դատարանի թերի աշխատանքի պատճառով Հայաստանի Հանրապետությունը այսօր հերթական անգամ պետք է վճարի 6000 եվրո. փաստորեն պետք է տանք մենք՝ հարկատուներս, որովհետև այդ գումարը գանձվելու է բյուջեից»,- նշել է Լուսինե Սահակյանը։

Դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքից 4 կմ հեռավորության վրա գտնվող ամայի մի տարածքում, փոխհրաձգության ընթացքում զոհվել էր 36-ամյա մի տղամարդ, մի քանի հոգի վիրավորվել էին։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս