Հավանական է՝ ՕԵԿ-ը չի մտնի կոալիցիա և կդառնա արմատական ընդդիմություն

Վաղը տեղի է ունենալու ՕԵԿ վարչության նիստը, որի ժամանակ պետք է որոշվի` մասնակցո՞ւմ է այս կուսակցությունը նոր կառավարության ձևավորմանը, թե՞ ոչ: Այդ հարցը, ըստ էության, որոշված է, ուղղակի վաղն այդ որոշումը պետք է ֆորմալացվի: Եթե մինչև վաղը ֆորսմաժորային իրադարձություններ տեղի չունենան, ապա գրեթե հաստատ է, որ կուսակցության վարչությունը կհայտարարի կոալիցիա չմտնելու որոշման մասին:

Այն, որ ՕԵԿ-ը չի մասնակցելու կառավարության ձևավորմանը, հայտնի է եղել դեռևս կիրակի օրը`այն ժամանակ, երբ ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու որոշման մասին:
Այդ նույն նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը պատմել է ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչների հետ ունեցած իր հանդիպումների մասին: ԲՀԿ-ի մասով ասել է, որ ինքը ԲՀԿ-ականներին առաջարկել է մասնակցել նոր կառավարության ձևավորմանը. կամ մտնել կոալիցիա և ամբողջական պատասխանատվություն ստանձնել կոալիցիոն կառավարության գործունեության համար, կամ ներկայացուցիչներ ունենալ կառավարությունում՝ ստանձնելով կոնկրետ ոլորտների պատասխանատվությունը:

Ս. Սարգսյանն ասել է, որ ԲՀԿ-ի պատասխանին սպասում են առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում: ՀՅԴ-ի մասով ասել է, որ դաշնակցականներն իրեն են ներկայացրել 7 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթը, և ինքը քննարկման ժամանակ ասել է, թե որ կետերն են իր համար ընդունելի, և որոնք են, որ այս պահին նպատակահարմար չէ իրականացնել: Դաշնակցականները ժամանակ են խնդրել և պայմանավորվել են, որ իրենց պատասխանը կհայտնեն ապրիլի 18-ին:

168.am-ի տեղեկություններով՝ ՀՀԿ նիստում նախկին ՕԵԿ-ական, ներկայումս՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը նախագահին հարցրել է, թե ի՞նչ քննարկում է ունեցել ՕԵԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: ՕԵԿ-ից Սերժ Սարգսյանի հետ հանդիպման էին գնացել կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը և փոխնախագահներ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը: Սերժ Սարգսյանն ասել է, որ ՕԵԿ երկու փոխնախագահներն իրեն առաջարկել են վարչապետ նշանակել Արթուր Բաղդասարյանին, և ավելացրել, որ իրենք կմտնեն կոալիցիա, եթե իրենց այս առաջարկ-պայմանը բավարարվի:

Կարդացեք նաև

Քանի որ Սերժ Սարգսյանը չի բավարարել ՕԵԿ-ականների պահանջը և վարչապետ է նշանակել Հովիկ Աբրահամյանին, ապա պարզ է, որ, ամենայն հավանականությամբ, նրանք կհայտարարեն կոալիցիա չմտնելու՝ իրենց որոշման մասին:

Թե ինչով կհիմնավորեն իրենց կոալիցիա չմտնելն ՕԵԿ-ականները՝ պարզ կլինի վաղը: Կարելի է ենթադրել, որ նրանք հայտարարելու են, որ անընդունելի են համարում Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում և չեն կարող աշխատել նրա ղեկավարած կառավարությունում, որն անընդունակ է լինելու պաշտպանելու ժողովրդի շահերը, և ընդհակառակը՝ ծառայելու է կլանի և օլիգարխիայի շահերի սպասարկմանը:

Այսպիսով, ՕԵԿ-ը կդառնա Հովիկ Աբրահամյանի անհաշտ ընդդիմությունը և նրա վարչապետության ընթացքում անխնա քննադատության կենթարկի նրա գործունեությունը:
ՕԵԿ-ի հաշվարկը պարզ է. այս կուսակցությունում հասկանում են, որ ՀՀԿ կցորդի կարգավիճակում իրենք որևէ հնարավորություն չունեն հաջորդ խորհրդարանական ընտրություններում հայտնվել խորհրդարանում: Մինչդեռ Հովիկ Աբրահամյանի նշանակման պարագայում իրենք կարող են լինել նրա ղեկավարած կառավարության ամենաարմատական ընդդիմախոսը խորհրդարանում և դրանով շահել ընտրողների համակրանքը: Մանավանդ, որ մյուս խորհրդարանական կուսակցությունները տարբեր պատճառներով կաշկանդված են լինելու Աբրահամյանի գործունեությունը գնահատելու հարցում:

Ի՞նչ կլինի ՕԵԿ-ական նախարարների հետ, արդյո՞ք նրանք ինքնաբերաբար դուրս կմնան կառավարությունից և կփոխարինվեն, ենթադրենք, ՀՅԴ-ական նախարարներով: Նախարարների հետ կապված՝ հայտնի է, որ նրանք հայտարարել են, որ սպասելու են նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը, և, եթե նա կամ վարչապետը նպատակահարմար կգտնեն իրենց հետագա պաշտոնավարումը, ապա իրենք կշարունակեն պաշտոնավարել՝ թեկուզ ՀՀԿ քվոտայով:

Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի մնալ-չմնալուն, ապա ԱԱԽ քարտուղարը կառավարության անդամ չէ: ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելու դեպքում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակեց մնալ  ԱԱԽ անդամ: Ամենայն հավանականությամբ, Արթուր Բաղդասարյանն էլ կշարունակի մնալ ԱԱԽ քարտուղար՝ հայտարարելով, որ ՕԵԿ-ը նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը և այժմ էլ շարունակում է հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը, սակայն դեմ է վարչապետի անձին:

Տեսանյութեր

Լրահոս