Մայր Աթոռը 100 հազար դոլար է փոխանցել քեսաբահայերին
Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովում հաստատված Հայ Եկեղեցու սոցիալական հիմնադրամի կողմից այսօր հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հաշվեհամարին` ի զորակցություն քեսաբահայության:
Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը: Նշենք, որ ապրիլի 13-ին էլ «Համահայկական հիմնադրամ»-ի կողմից քեսաբահայությանը հատկացված դրամական առաջին օգնությունը` 63 060 ԱՄՆ դոլար, փոխանցվել էր Լաթաքիայի շտապօգնության մարմնին:
Մարտի 21-22-ին Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող Քեսաբի հայերը ստիպված էին լքել իրենց տները` հայտնվելով գրոհայինների գնդակոծության տակ։ 670 հայ ընտանիք դարձավ փախստական` տարհանվելով Լաթաքիա, նրանց տներն ու քրիստոնեական տաճարները կողոպտվեցին։ Քեսաբում մնացել էին տարեց մարդիկ, ովքեր ի վիճակի չէին տեղաշարժվել: