Հովիկ Աբրահամյանի կարգախոսը կարող է լինել՝ «Դեպի ապահով Հայաստան և պայքար, պայքար՝ մինչև վերջ»

Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի հետ

– Կիրակի օրը ՀՀԿ ԳՄ նիստում հայտնի դարձավ, որ Հայաստանի 13-րդ վարչապետ նախագահ Սարգսյանը նշանակել է Հովիկ Աբրահամյանին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նշանակմանը, կարո՞ղ է նոր կառավարության գործունեությունը տարբերվել նախորդից, թե այն կլինի նախորդի շարունակությունը:

– Երբ նոր կառավարություն կամ նոր վարչապետ է նշանակվում, պետք է նայել, թե պետության ղեկավարն ինչ խնդիրներ և ինչ նպատակներ է դնում այդ կառավարության առաջ, ինչն է համարում երկրի համար առաջնահերթ նպատակ. արդյունաբերության զարգացո՞ւմ, ավելի մրցունակ տնտեսության կառուցո՞ւմ, տնտեսության որոշակի ճյուղերի առաջ մղմանն ուղղված ծրագրերի իրականացո՞ւմ, տնտեսվարողների համար գործունեության առավել նպաստավոր պայմանների ստեղծո՞ւմ, կամ օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձևավորո՞ւմ:

Բայց երբ նոր վարչապետ է նշանակվում, և նոր կառավարության համար առաջնահերթություն է հռչակվում կենսաթոշակային բարեփոխումների շարունակումը, որի նպատակը երիտասարդներից ավելի շատ միջոցներ վերցնելն է, այդպիսի պայմաններում վարչապետ ուզում ես` Հովիկ Աբրահամյանին չէ, Համաշխարհային բանկի նախագահին նշանակիր, ոչինչ չի փոխվելու: Ուզում եմ ասել, որ եթե խնդիրը սխալ է դրված, լուծումը ճիշտ չի կարող լինել:

Կարդացեք նաև

– Ուզում եք ասել, որ որևէ տարբերություն Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունների միջև չի՞ լինի:

– Միանշանակ ոչ մի տարբերություն, որովհետև նրանք իրականացնելու են նույն քաղաքականությունը: Անձի հարցը ես ոչ էական եմ համարում. ով ուզում է` լինի. եթե առաջնահերթ խնդիրը ոչ թե տնտեսությունն է, տնտեսության մրցունակության բարձրացումը, ավելի ժամանակակից տնտեսության կառուցումը, եկամտի նոր աղբյուրներ ստեղծելու նոր հնարավորությունների ստեղծումը, այլ եղած միջոցները մարդկանց ձեռքից հավաքելը`տարբեր հնարքների միջոցով, այդ կառավարությունը չի կարող հաջողություն ունենալ:

– Այդ ամենը կարո՞ղ էր հաշված լինել նաև Հովիկ Աբրահամյանը, և այնուամենայնիվ համաձայնեց ղեկավարել կառավարությունը: Ինչո՞ւ:

– Վարչապետ դառնալն իր մանկության երազանքն էր, և նա հետևողականորեն գնում էր իր երազանքի իրականացմանը:

– Բայց չէ՞ որ այդ երազանքի իրականացման արդյունքում նա կարող է դառնալ հասարակական դժգոհության թիրախը, ինչպիսին Տիգրան Սարգսյանն էր: Մի՞թե հանուն երազանքի իրականացման` արժե նման բեռ վերցնել:

– Ես տեսել եմ, որ Հովիկ Աբրահամյանն առնվազն վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարության օրոք փախվարչապետ աշխատելու տարիներից սկսած` իր առջև դրել է վարչապետ դառնալու նպատակ, և հետևողականորեն գնացել է այդ նպատակի իրականացմանը: Հիմա հասնելով այդ նպատակին, բացառված չէ, որ նա իր առջև այլ նպատակներ էլ է դնում: Հիմա կարծում եմ` նրա կարգախոսը կարող է լինել «Դեպի ապահով Հայաստան և Պայքար, պայքար մինչև վերջ»:

– Երբ Դուք որոշեցիք զբաղվել քաղաքականությամբ և ընդդիմադիր կուսակցություն ստեղծեցիք, իշխանությունը միանգամից զբաղվեց Ձեզ ունեզրկելով: Հիմա ԲՀԿ-ն համառորեն հրաժարվում է մտնել կոալիցիա, նույնիսկ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու պարագայում, իրեն դրսևորելով` գրեթե որպես ընդդիմադիր: Ինչո՞ւ իշխանությունը նույն կերպ չի վարվում ԲՀԿ-ի առաջնորդի և մյուս գործարար ԲՀԿ-ականների նկատմամբ, ովքեր և բիզնես են անում, և իշխանությանը ոչ հաճելի քաղաքական գործունեությամբ զբաղվում: Գուցե իշխանությունն այժմ ավելի տոլերանտ ու հումանի՞ստ է, քան նախկինում:

– Երբ Ռոբերտ Քոչարյանն ինձ ազատեց վարչապետի պաշտոնից, նա իմ առաջ պայման դրեց` կամ քաղաքականություն, կամ տնտեսություն: Ես նախընտրեցի քաղաքականությունը և դա նախընտրեցի բավական կոպիտ տոներով: Դրանից անմիջապես հետո իմ նկատմամբ սկսվեցին դատական գործընթացներ. ուղիղ երկու տարի ցեմենտի գործարանի աշխատակիցներին կանչում էին Դատախազություն և փորձում էին իմ դեմ ցուցմունք կորզել:

Ուղղակի ես հարստություն չունեի կուտակած, որը կկարողանային տանել: Ունեզրկեցին ոչ միայն ինձ. խլեցին հորս սեփականությունը, եղբորս սեփականությունը խլեցին, որը երբեք չի կիսել իմ քաղաքական հայացքները: Այսինքն` մեր ընտանիքն ինչ ուներ, որտեղից որ մենք կարող էինք եկամուտ ստանալ, բոլոր այդ աղբյուրները փակեցին: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այդպես չի վարվում, կամ արդյո՞ք նա ավելի բարի է, քան Ռոբերտ Քոչարյանը. Չեմ կարծում, որ տարբերությունը մարդկային որակների մեջ է: Հակված եմ ենթադրել, որ ԲՀԿ-ի նկատմամբ իշխանության դրսևորած հանդուրժողական վերաբերմունքը կարող է ունենալ երկու բացատրություն:

Առաջինն արտաքին քաղաքականն է. Մաքսային միության գծով Հայաստանի իշխանության գործընկերները ցանկանում են մեր երկրում ունենալ իրենց կողմից վերահսկելի իշխանություն և ընդդիմություն: Այդ պատճառով նրանք թույլ չեն տալիս, որ Սերժ Սարգսյանն անցնի սահմանը և վերացնի իրենց գործընկեր ընդդիմությանը:

Մյուս պատճառը կարող է լինել իշխանության և ԲՀԿ-ի միջև կնքված ոչ հրապարակային համաձայնությունը: Այդ համաձայնությունն ուղղված է քաղաքական դաշտն իրենցով լցնելուն և մյուսների գործունեությունը խոչընդոտելուն, ինչը մինչև հիմա ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն հաջողությամբ իրականացնում են և կշարունակեն իրականացնել, քանի դեռ մյուս քաղաքական ուժերը և հասարակությունը դա չեն գիտակցել և համարժեք չեն պատասխանել այդ խաղին ու խաղացողներին:

Տեսանյութեր

Լրահոս