Բա որ կատուն գա մեզ վրա՞ «Ժամանակ»

«Ժամանակը» իր այսօրվա խմբագրականում գրում է. «Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին նոր նշանակումից հետո, ըստ էության, երևի թե բավարար կլիներ նմանօրինակ մի վերնագիրը՝ հետագա որևէ մեկնաբանության ավելորդության կամ ամեն ինչ ինքնըստինքյան պարզ լինելու առումով: Ինչպես հին սովետական անեկդոտում է, առանց գրելու էլ ամեն ինչ այլևս պարզ է:

Հայաստանում տարիներ շարունակ իշխող համակարգը, ըստ էության, գտավ իր երջանկությունը՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի վարչապետության, և Աբրահամյանն էլ, բնականաբար, իր երջանկությունը գտավ՝ ի դեմս վարչապետի պաշտոնի: Բոլորը գոհ են և երջանիկ, կամ, ինչպես ասում են, «բոլորի համար ընդունելի» վարչապետացված:

Պատահական չէ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է մեկը, որն իր կարիերայի կայուն աճը սկսել է առաջին նախագահի իշխանության մեջ, շարունակել և ամրապնդել երկրորդ նախագահի իշխանության օրոք, իսկ գագաթնակետին է հասցնում երրորդ նախագահի իշխանության ժամանակաշրջանում:

Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը, ըստ էության, Հայաստանի իշխանական համակարգի եռամիասնության պես մի բան է, կամ, այսպես ասած, իշխող համակարգի «սուրբ երրորդության» խորհրդանիշ: Սա Հայաստանի երկու տասնամյակի պետական ընթացքը հետևողականորեն ոչնչացրած, 1995 թվականից ի վեր ընտրակեղծիքով վերարտադրվող իշխանական համակարգի համալիր ռևանշն է Հայաստանի ապագայի, ապագա սերնդի նկատմամբ:

Ռևանշ, որին հասնում է ողջ համակարգը իր իշխանականներով ու ոչիշխանականներով, որոնք վարչապետի պաշտոնանկությունը հռչակեցին իրենց հաջողությունը, ու երևի թե նոր վարչապետի, այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի նշանակումն էլ որակելու են որպես իրենց հաջողության շարունակությունը: Գուցե հայտարարված շուրջօրյա հանրահավաքներն էլ սահուն կերպով կարող են վերակազմակերպվել Հովիկ Աբրահամյանի աջակցության հանրահավաքների:

Այս ամենը Հայաստանում տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ աշխարհում ակտիվ գործընթացների արդյունքում Հայաստանի առաջ ի հայտ են գալիս նորանոր բազում արտաքին ու ներքին մարտահրավերներ, անվտանգության և, վերջապես, անկախության և ինքնիշխանության խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է Հայաստանում հաստատված քրեական և օլիգարխիկ համակարգի չեզոքացում, Հայաստանում լիովին նոր հասարակական, քաղաքական, տնտեսական հարաբերությունների պլանավորում և կառուցում ինքնիշխանության գաղափարի ելակետային հենքի վրա»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս