
«Պետք չէ, որ մեր կառավարությունը հայերին բացատրի` ինչպես բազմանան». Ալեքսանդր Արզումանյան

Արդյոք կարելի՞ է հուսալ, որ նոր վարչապետի նշանակումից և նոր կառավարության ձևավորումից հետո կկրճատվի միգրացիան, աղքատության ցուցանիշը, կառավարությունը կխթանի ծնելիության աճին և մյուս առաջնահերթ խնդիրների լուծմանը: ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը այսօր հրավիրված ասուլիսում լրագրողի հարցին տվեց այսպիսի պատասխան. «Ծնելիության խթանման հարցում կառավարության դերը շատ քիչ եմ կարևորում: Հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ բազմացել է` առանց այդ խթանման, և պետք չէ, որ մեր կառավարությունը հայերին բացատրի` ինչպես բազմանան: Ծնելիության աճ կարող է արձանագրվել տնտեսական աճին զուգընթաց. եթե մարդիկ սկսում են ավելի լավ ապրել, ավելի շատ երեխաներ են ունենում, բոլորն ուզում են»:
Լրագրողներից մեկը նկատեց` եթե այդպես է, ինչո՞ւ է ծնելիության ցուցանիշը ցածր Եվրոպայում:
«Դա արդեն, այո, վիճելի հարց է»,- ժպտալով պատասխանեց Ալեքսանդր Արզումանյանը:
Ինչ վերաբերում է մյուս կարևոր հարցերին, ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահը նկատեց, որ նախորդ կառավարության ծրագրում ևս նշված էր, որ պետք է կրճատվի աղքատությունը, նոր աշխատատեղեր ստեղծվեն, զարկ տրվի արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը: «Տեսնենք, երևի նոր վարչապետը կշարունակի քաղաքականությունն այդ ծիրին մեջ»,- ասաց քաղաքական գործիչը: