
Դոնեցկի մարզում մտցվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դոնեցկի մարզում մտցվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Այս մասին հայտարարել է Դոնեցկի մարզի պետական վարչակազմի ղեկավար Սերգեյ Տարուտան: Նա մարզի բնակիչներին կոչ է արել տուրք չտալ սադրանքներին ու չխախտել հասարակական կարգը.
«Հակաահաբեկչական գործողության ռեժիմ մտցնելու մասին որոշումն ուղղված է մեր տարածքում խաղաղության ու կարգուկանոնի պաշտպանությանը, որն այսօր ցինիկաբար ու սառնասրտորեն մեզանից խլում են զինված, ագրեսիվ, ֆանատիկ մարդիկ: Նրանք ահաբեկիչներ են, և մենք թույլ չենք տա նրանց գերակայել մեր տարածքում»:
Տարուտան ցավակցել է երեկ Սլավյանսկում զոհվածների ընտանիքներին՝ ընդգծելով, որ անկարելի է թույլատրել բռնությունների էսկալացիան: Նա բոլորին խելամտության ու բաց երկխոսության կոչ է արել: