
Նալիվայչենկոն խոստացել է ոչնչացնել Ուկրաինայի արևելքում գործող օտարազգի ահաբեկիչներին

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ուժային կառույցների ներկայացուցիչները Դոնեցկի մարզում հակաահաբեկչական գործողության ժամանակ չեզոքացնում են հարևան երկրից ժամանած զինված խմբերին, և եթե նրանք կրակ բացեն, ապա նրանց կոչնչացնեն:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն: Նրա խոսքերով՝ հարևան երկրից ժամանած զինված հատուկ խմբերն ահաբեկում են բնակչությանը, ինչի համար էլ իրենք ողջ ուժերով չեզոքացնելու են նրանց:
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը երեկ վերջնագիր էր ներկայացրել Դոնբասի անջատողականներին՝ պահանջելով հանձնվել մինչև երկուշաբթի առավոտյան: Տուրչինովը խոստացել էր, որ երկրի հարավ-արևելքում չի իրագործվի ղրիմյան սցենարը:
Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը ապրիլի 12-ի երեկոյան որոշում էր ընդունել Ուկրաինայի զինված ուժերի կիրառմամբ երկրի հարավ-արևելքում լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին: